Thursday, March 24, 2016

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ

Այս շաբաթ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կոչել է «Ավագ շաբաթ» կամ «Չարչարանաց շաբաթ», քանի որ ամենամեծն ու նշանակալին է, և շաբաթվա օրերից յուրաքանչյուրը կոչվում է Ավագ` ներկայացնելով Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը և հավատացյալներին մոտեցնելով Տիրոջ Սուրբ Հարությանը:
Մեծ Պահքի կերպին և ձևին առհասարակ անդրադարձել ենք մեր նախորդ տարվա այս շրջանի հոդվածներում: Ժամանակակից սերունդը «պահք» ասելով հիմնականում հասկանում է կենդանական սննդից հրաժարում, սակայն սա սահմանափակ ընկալում է: Գիտենք անշուշտ, որ պահքը վերաբերում է ոչ միայն ճաշակելիքին, այսինքն` բերանին` հեռու մնալու կենդանական, առատ կերակուրներից, այլև բոլոր զգայարաններին և մարմնավոր ցանկություններին: Եթե Մեծ Պահքը պահելը, այսպես ասած, թողած էր յուրաքանչյուր մարդու խղճին և ցանկությանը, ապա եկեղեցու հայրերը Ավագ շաբաթը պահք պահելը պարտադիր են համարում յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
«Մարդը պատիվ ուներ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին և նմանվեց նրանց»: Եթե սաղմոսերգուի այս խոսքով ինքնաճանաչմամբ ու ապաշխարությամբ Մեծ Պահքի ընթացքում փորձում ենք բարձրանալ մեղքերի բեռից և վերագտնել մեր պատկերն ու նմանությունը, ապա Ավագ շաբաթը Քրիստոսի հետ անցնելով Նրա իսկ չարչարանքների ճանապարհով` հաշտվում ենք Աստծո հետ` Իր Որդու` մեզ համար պատարագման միջոցով: Այս մասին դիպուկ բնորոշում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը` ասելով. «Այդ շաբաթ… տրորվեց ու ոտնահարվեց մահը, ջնջվեց մեղքը, փշրվեցին երդումն ու դրախտի փականը, կոտրվեց երկնքի անմատչելիությունը, մարդիկ մերձեցան հրեշտակներին, հեռացվեց բաժանության պատնեշը, զավթվեցին անջրպետող սահմանները, Աստված աշխարհում հաշտեցրեց երկնայինն ու երկրայինը»:
Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհրդին համապատասխան եկեղեցիներում կատարվում են արարողություններ, հիշատակի կարգեր, որոնց մասնակցելով` քրիստոնյան հաղորդ է դառնում Չարչարանաց Մեծ շաբաթի խորհրդին:
Ավագ Երկուշաբթին հիշատակությունն է Հիսուսի` անպտուղ թզենուն անիծելու և Երուսաղեմի տաճարը լումայափոխներից ու աղավնավաճառներից մաքրելու:
Ավագ Երեքշաբթին նվիրված է տասը կույսերի առակին, որտեղ խոսվում է Երկնքի արքայության, այնտեղ մտնելու պայմանների մասին, ինչի համար, ըստ Քրիստոսի հորդորի, հարկ է հարատև աղոթք և հավատի արգասավոր գործեր:
Ավագ Չորեքշաբթին հիշատակությունն է մեղավոր կնոջ ձեռքով Հիսուսի գլուխը և ոտքերը նարդոսի յուղով օծելու: Սա Նրա չարչարանքների ու մահվան կանխագուշակումն է: Այս օրը նաև Նրա աշակերտ Հուդա Իսկարիովտացու 30 արծաթով մատնության օրն է:
Ավագ Հինգշաբթին 
հիշատակություններով ու արարողություններով ամենալեցուն օրն է: Առավոտյան մատուցվող Սուրբ Պատարագով եկեղեցին նշում է Խորհրդավոր Ընթրիքի հիշատակությունը, որով հաստատվեց Հաղորդության խորհուրդը: Հաջորդ արարողությունը Ոտնլվայի կարգն է, որը կատարվում է բոլոր եկեղեցիներում` ի հիշատակություն Քրիստոսի` իր աշակերտների ոտքերը լվանալու արարողության: Այս կերպ հոգևորականը լվանում է 12 երեխաների ոտքերը, ապա օծում յուղով, որ խորհրդանշում է մեղավոր կնոջ կողմից Հիսուսի ոտքերի օծումը: Արարողության վերջում` օրհնված յուղը բաժանվում է հավատացյալներին: Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է ևս մի արարողություն, որը կոչվում է «Խավարում»: Սա վերաբերվում է Ավագ Ուրբաթի` Հիսուսի չարչարանքների ու խաչելության խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի ուշ երեկոյան:
Ավագ Ուրբաթը
Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակությունն է: Նշվում է Հիսուսի` խաչից իջեցումն ու թաղումը: Երեկոյան եկեղեցիներում կատարվում է թաղման կարգ. պատրաստվում է Տիրոջ խորհրդանշական ծաղկահյուս գերեզմանը, որը շարականների երգեցողությամբ, թափորով, խնկարկությամբ տեղադրվում է եկեղեցում:

Ավագ Շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը: Այս օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Տրվում է մեր Տիրոջ Հարության ավետիսը:
Կիրակի օրը` այս տարի մարտի 27-ին, առավոտյան բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սբ Պատարագ և 40 օր կտոնվի Քրիստոսի Հարության տոնը:
Սբ Հարության տոնին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագիչն է թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

No comments:

Post a Comment