Թեմի հոգևոր դասը


ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ

Տ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ

Ծնվել է 1959 թ. մարտի 24-ին Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում:
1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան և բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել և ավարտել է միջնակարգ կրթությունը:
1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան:
1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և զորացրվելուց հետո ուսումը շարունակել Հոգևոր ճեմարանում:
1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել՝ ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
1986 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ՝ <Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը> թեմայով: Հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո, Վազգեն Ա Հայրապետի օրհնությամբ` որպես ընդունարանի քարտուղար, ծառայության է անցել Վեհարանում:
1987 թ. հունիսի 7-ին` Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Հետ ձեռնադրության շարունակել է ծառայությունը Վեհարանում:
1987 թ. սեպտեմբերին Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգևոր ճեմարանի վերակացու և ապա` փոխտեսուչ:
1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ՝ <Պահքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում> թեմայով:
1990 թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեյցարիայի Ժնև քաղաքի հայ համայնքի հոգևոր հովիվ:
1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ և նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
1995 թ. հունիսից Գարեգին Ա Վեհափառի օրհնությամբ հրավիրվել է Մայր Աթոռ և զբաղեցրել Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը և տնտեսական ու շինարարական գործերով կաթողիկոսի խորհրդական:
1996 թ. ընդգրկվել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում:
1996թ. նշանակվել է <Պետություն և եկեղեցի> հարաբերություններում` պետության կողմից Մայր Աթոռին կալվածքների վերադարձման հանձնախմբի նախագահ:
1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի (Լոռու և Տավուշի մարզեր) առաջնորդ:
1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:
2000թ. մարտի 24-ին Գարեգին Բ Հայրապետի կողմից նշանակվել է Հայաստանյայց եկեղեցու կանոնադրության հանձնախմբի անդամ:
2000 թ. նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ:
2000թ. նշանակվել է 1700-ամյակի տոնակատարությունների գործադիր վարչության անդամ:
2002 թ. հոկտեմբերին ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ:
2004 թ. դեկտեմբերին պարգևատրվել Է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հուշամեդալով:
2005 թ. հունվարին պարգևատրվել է հայ ժողովրդի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկյա մեդալով:
2006 թ. վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով` <Պետություն-Եկեղեցի> փոխհարաբերության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:
2007թ. դադարել է անդամակցությունը Գերագույն Հոգևոր խորհրդում:
2010 թ. դեկտեմբերի 26-ին <Լոռվա ձոր> հայրենակցական միության կողմից <Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի հետնորդ> կոչում է շնորհվել:
Գուգարաց թեմի ձևավորման և կայացման գործում գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հեռատես աշխատանքային գործունեության շնորհիվ, ներդրած հսկայական ջանքերի արդյունքում թեմն անուրանալի հաջողություններ արձանագրեց:
2012թ. մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով շնորհվվել է <Արքության> պատիվ Սեպուհ Սրբազանի քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ:
1996 թվականից նրա առաջնորդությամբ, հատկապես հոգևոր մշակույթի պանծացմամբ, հասարակություն-եկեղեցի կապը Լոռու մարզում աննախընթաց ձեռքբերումներ ունեցավ. դա պայմանավորված էր առաջնորդի որդեգրած հոգևոր իմաստուն քաղաքականությամբ` նոր մոտեցումներով, նոր շնչով ու հայեցակարգով:
Սկզբնական շրջանում, չնայած քիչ թվով գործող եկեղեցիների ու հոգևոր հովիվների սակավությանը` եկեղեցին, նվիրյալ քահանա հայրերով, իր ներկայությունն ու գործուն մասնակցությունն ունեցավ հանրային կյանքին առնչվող գրեթե բոլոր ոլորտներում: Ստեղծված հիմնարար և մնայուն արժեքներից հատկապես հիշատակության են արժանի ազգային, հոգևոր-եկեղեցական մշակույթի ու ավանդույթների մատչելի մեկնաբանությամբ մատուցվող և հասարակության հոգևոր կյանքը բարելավող քարոզչական ու հոգեմտավոր աշխատանքները:
Անցնող տարիներին թեմի առաջնորդի և մարզային իշխանությունների միջև ձևավորվեց եկեղեցական և պետական հանդիսություններն ու միջոցառումները կանոնակարգող մշակույթ` հարգանքի, վստահության, փոխադարձ համագործակցության և սիրո մթնոլորտում: Առաջնորդն ու մարզպետները, քահանաները, համայնքային պաշտոնյաների հետ միասին, հանրությանը միշտ ներկայացան իբրև բարձրարժեք երկու կառույցների` պետականության և եկեղեցու գաղափարակիր ներկայացուցիչներ:
Լոռու մարզում Սրբազանը, իբրև տիպար հոգևորական, իր հայրենաշունչ խոսքով ու արդար գործերով երիտասարդության, դպրոցականների և ժողովրդի սրտում ու մտքում թողել է եկեղեցասիրության ու ազգասիրության խորհրդանիշ առաջնորդի համբավ:
Առաջնորդի նախաձեռնությամբ, ինչպես նաև հայաստանաբնակ և սփյուռքահայ բարերարների նյութական ու բարոյական աջակցությամբ` Գուգարաց թեմում առաջնորդարանի, հովվատների, եկեղեցիների, մատուռների ու ճամբարային համալիրների կառուցումն ու բարեկարգչական լայնածավալ աշխատանքները տեղական իշխանությունների ու լոռեցի բարեպաշտ ազգաբնակչության կողմից առանձնահատուկ վերաբերմունքի, օրհնության, արդար գնահատականի և պատվի են արժանացել:
Վանաձորում Թաիրովների պատմական շենքի` իբրև առաջնորդարան վերակառուցումն ու տարածքի բարեկարգումը առանձնակի շքեղություն պարգևեց հնամենի քաղաքին: Դեռ խորհրդային շրջանից թեմում ծառայություն էին մատուցում Վանաձորի Սբ. Աստվածածին և Ստեփանավանի Սբ. Սարգիս եկեղեցիներիը: 1996 թվականից Սրբազանի ջանքերով թեմի տարածքում կառուցվել են թվով 10 նոր եկեղեցիներ, նորակառույց թվով 10 մատուռներ, իսկ վերականգնված եկեղեցիների թիվը 19 է: Այժմ թեմում 18 հոգևոր հայրեր իրենց ծառայությունն են մատուցում:
Կրթադաստիարակչական ծառայությունների շարքում արժանի է մատնանշել Վանաձորում <Ծիծեռնակ> և <Կռունկ> թեմապատկան ճամբարների հիմնովին վերակառուցումը, կահավորման դժվարին աշխատանքների իրականացումը:
Ճամբարներում ութ տարի շարունակ անվճար կազմակերպվում են 1000-ավոր դպրոցականների հանգիստն ու ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքները: Հրանտ Դինքը առանձնակի ուրախություն և մեծ գոհունակություն է ապրել, երբ իբրև Սեպուհ Սրբազանի մտերիմ, բարեկամ` այցելել է Վանաձոր, <Ծիծեռնակ> ճամբար և գրկախառնվելով արտահայտվել է.- <Դուն ալ ինձի նման խենթ ես...>:

Ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, նույնպես և Լոռվա մարզում աղանդների գոյության մասին ցավով է նշում թեմակալ առաջնորդը: <Հայաստանի անկախության պայմաններում աղանդների գոյությունը յուրաքնչյուրիս ազգային արժանապատվությանը հասցված ապտակ է: Այս երևույթի համար պատասխանատու են թե՜ եկեղեցին և թե՜ պետությունը, մտավորականությունն ու հասարակությունն ընդհանրապես, որ կրավորական կեցվածքով ընդունեցին Եվրախորհրդի պահանջները, և ժողովրդի մի մոլորված հատված զոհ գնաց այդ շարժումներին>,- ասում է Սրբազան հայրը: Սակայն անհրաժեշտ է անկողմնակալ գնահատական տալ նաև պետական ու հոգևոր-եկեղեցական ոլորտում տեղ գտած բացթողումներին: Չպետք է մոռանալ, որ անկախության, պետականության ու եկեղեցական բարձրարժեք գաղափարաբանական մշակույթի բացակայության, համապատասխան փորձի չգոյության պայմաններում ձևավորվեցին մեր թեմական, մարզային ու համայնքային վարչական կառույցները: Եվ այսօր ունեցածի համար պարտական ենք համազգային արժեքներ դավանող հոգևոր ու աշխարհիկ անհատականություններին, ինչպես նաև հասարակության ավանդապաշտ հատվածին:
Պետական ու եկեղեցական օրենսդիր ու գործադիր մարմիններում կանոնադրական և օրենսդրական բացթողումների ու հայ ժողովրդի հոգևոր անվտանգության հայեցակարգի բացակայության համար պատասխանատվությունը բոլոր առումներով ընկնում է երկրի բարձրագույն իշխանության ղեկին հայտնված պետական ու հոգևոր պետերի վրա:
Բայց և այնպես, ցորենը կմնա, հարդը կգնա:
Որպես թեմակալ առաջնորդ՝ Սեպուհ սրբազանը հաստատակամ ու իր ժողովրդի պայծառ տեսլականով առլեցուն, աննահանջ գաղափարի տեր անհատականություն է: Նա հանուն Հայ Առաքելական եկեղեցու և հայոց պետականության հզորացման` անմնացորդ սիրով շարունակում է իր ծառայությունը Գուգարաց թեմում` հավատարիմ իր ուխտին և ի սեր ժողովրդի ու հայրենիքի:

Վարձքդ կատար, Սրբազա՜ն հայր
ՀՀ ՊՆ նախարարի կեղմից գնահատվեց Գուգարաց թեմի առաջնորդը ....


Փետրվարի 24-ին` Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալից ավանդի համար, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեց «Անդրանիկ Օզանյան» մեդալով:


 



 


 

 







Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի 24.02.2015