ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
ԱՌԱՋՆՈՐԴԻ ՈՒՂԵՐՁԸ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
2016Թ.
«Քրիստոս
յարեաւ ի մեռելոց.
Մահուամբ
զմահ կոխեաց եւ
Յարութեամբն
Իւրով մեզ զկեանս պարգեւեաց»
Սիրելի՛ հոգևոր հովիվներ, հավատացյալ ժողովուրդ, եղբայրնե՛ր և
քույրե՛ր,
Սրտի անհուն բերկրանքով հայրական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում ամենքիդ Մեր Տիրոջ և Փրկչի հրաշազարդ Հարության տոնի առթիվ և ցնծությամբ ողջունում «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» բաղձալի ավետիսով:
Աղոթում և մաղթում ենք, որ Հարության լույսով ողողվեն բոլորիս հոգիները, զորանան հուսահատ սրտերը, Զատկական հոգենորոգ խորհրդով ու աստվածային շնորհներով գոտեպնդվեն մեր անձերը` գործելու ի փառս Աստծո, Մայր հայրենիքի և եկեղեցու:
Սիրելիներ, այս սքանչելի տոնին ամենքս պիտի կարողանանք մեր մեջ քաջություն գտնել և վճռականորեն հաղթահարել անկարողության, անճարակության բարդույթը` ճիշտ գնահատելով և արժևորելով մեզ տրված կարճատև կյանքը: Ապրենք Հարության հույսով, ողորմածությամբ, սիրով, հանդուրժողականությամբ և աստվածային պատգամներով: Մշտապես հիշենք, որ այս կյանքում մենք բոլորս ճամփորդներ ենք և հաշվետու
ենք Արարչի ու սերունդների առջև:
Միասնաբար աղոթենք, որ Փրկչի Հարության կենսապարգև շնորհները թափանցեն մեր սրտերը, հայոց աշխարհում խաղաղություն ու արդարություն հաստատվի և քրիստոնեական սիրո կրակը սրբագործի ամենքին:
Թո՛ղ անմահության ու հավիտենականության հույսը հավետ առաջնորդի աստվածընտրյալ մեր ժողովրդին: Ամեն:
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է
յարութիւնն Քրիստոսի
Օրհնությամբ`
ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment