Saturday, January 29, 2022

Գոտիդ ամուր կապած պիտի լինես, հա՛յ զինվոր -Տեր Հովնան եպս. Հակոբյան՝ Գուգարաց թեմի առաջնորդ

Saturday, January 1, 2022

 Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ Նռնօրհնյաց արարողություն Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում




ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ
 ԹԵՄԻ


«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և հոգեզվարթ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:
Արդարև, Հայաստանի և աշխարհի համար մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առավելապես կարիքն ունենք Սուրբ Ծննդյան կենսառաք լույսի և բարի լուրի:
Աղոթքով, ապաշխարելով ու զղջալով այն բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ, միմյանց և բնության դեմ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով և հավատքով նորոգվենք ու վերափոխվենք՝ հեռացնելով մեզանից քինախնդրությունը, չարախոսությունն ու ատելությունը:
Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:
Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղության, հայրենյաց սահմանների անսասանության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար:
Սիրելի՛ հավատացյալներ, կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհները մխիթարություն ու լուսավորություն բերեն, և որ ձեր աղոթքներով, գործերով ու նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի հզորացման, քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին:
Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝

ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ