«Նոյյան տապան» ակումբում այսօր «Հնագույն քաղաքակրթությունները և Հայաստանը» թեմայով մամուլի ասուլիսով հանդես եկան հնագույն քաղաքակրթությունների գծով փորձագետ Վազգեն Գևորգյանին և Անգլիայից (Սանտա Ֆայա) հրավիրված հնագույն քաղաքակրթությունների գծով բրիտանացի փորձագետ Գրեմ Հենքոքին: Վերջինիս հավաստմամբ, իր վրա շատ մեծ տպավորություն է գործել Հայաստանի ողբերգական անցյալը:
«Կարծում եմ, աշխարհն իսկապես շատ անարդարացի է եղել հայ ազգի, հայ ժողովրդի նկատմամբ, բայց, ինչևիցե, Հայաստանն իսկապես դիմակայել է,- ասաց Գրեմ Հենքոքը:- Իմ ամենամեծ ձեռքբերումը այն ջերմությունը, ազնվությունը և հայ ժողովի հյուրասիրությունն էր, որ ես տեսա այստեղ: Աշխարհն իրականում կարծես իսկապես մոռացել է Հայաստանի մասին, բայց Հայաստանը շատ բաներ ունի ցույց տալու աշխարհին: Իմ այցելությունը Հայաստան այն նպատակով է, որպեսզի աշխարհին ցույց տամ այն, ինչի մասին աշխարհը մինչև այժմ չգիտե»:
Բրիտանացի փորձագետը Հայաստանում տեսածից եկել է այն համոզման, որ այստեղ մարդկության անցյալի մասին թաքնված մի մեծ պատմություն կա: Նրա հավաստմամբ, իր վերջին 20 տարվա աշխատանքն ուղղված է բացահայտելու հին քաղաքակրթությունների գաղտնիքը, որը մարդը կորցրել է ժամանակին: Դա նման է հիշողությունը կորցնելուն` ամնեզիային: Շատ հանգամանքներ, իրողություններ, ազդակներ կան, որոնք մարդուն իսկապես ստիպում են մոռանալ իր իրական առաքելությունն այս աշխարհում, և, ըստ Գրեմ Հենքոքի, մենք կարիք ունենք վերականգնել մեր հիշողությունը: Բրիտանացի փորձագետը մեր երկրում տեսածից հանգել է այն եզրակացության, որ Հայաստանն իսկապես պետք է բեկումնային լինի` վաղնջական անցյալի վերաբերյալ մեր հիշողությունը վերականգնելու առումով: Վերջինիս հավաստմամբ, իր առաջիկա գրքում Հայաստանի մասին մեծ տեղ է հատկացնելու, պատրաստվում է նաև մի քանի անգամ դարձյալ այցելել Հայաստան:
«Կարծում եմ, Հայաստանն իսկապես բան ունի սովորեցնելու աշխարհին և մեր մոռացված անցյալի, և մարդկային ոգու մասին»,- ասաց Գրեմ Հենքոքը:
Վազգեն Գևորգյանի տեղեկացմամբ, իրենք այցելել են Զվարթնոց, Էջմիածին, Ագարակ հնավայր, նաև` Դվինի թաքնված բուրգ, որտեղ Հենքոքն ապշահար է եղել, ունենալով այդպիսի գանձ, մենք այն չենք կարողանում բացահայտել աշխարհին: Այնուհետև այցելել են Սյունիք, Ուխտասար, Քարահունջի աստղադիտարան, Տաթևի հնավայր, որը մինչև այսօր բացահայտված չէ, Գորիսի թանգարան, որտեղ քարե հրաշալի վկայություններ կան, որոնք մինչև հիմա էլ թաքցնում են իրենց իրական պատմությունը:
«Իմ վերջին տարիների պրպտումներն ինձ տարել են բազմաթիվ երկրներ, օրինակ, Պերու, Բոլվիա, Բրազիլիա, Մեքսիկա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բահամյան կղզիներ, Կանարյան կղզիներ, Իսպանիա, Միջերկրական ծով, Մալթա, նաև` Եգիպտոս, որտեղ նույնիսկ չեմ կարող ասել, թե քանի անգամ եմ այցելել,- ասաց Գրեմ Հենքոքը:- Շատ եմ ճանապարհորդել նաև Թուրքիայում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Կամբոջայում, ամբողջ Ճապոնիայում: Մինչև Հայաստան գալը, ինչ-որ մի բան իսկապես պակասում էր իմ գիտելիքների առումով, իսկապես մի բան չէի հասկանում: Ինչ-որ իսկապես շատ վատ բան է կարծես պատահել մոտավորապես 11-13 հազար տարի առաջ»:
Խոսքը համաաղետի մասին է:
«Հայաստանը,- շարունակեց բրիտանացի փորձագետը,- իսկապես այն տեղն է, որտեղ այդ համաաղետից հետո սկիզբ առավ նոր քաղաքակրթությունը: Ձեր նախնիներն աստղերն ուսումնասիրել են և հասկացել են այդ աստղերի իմաստը: Ինձ համար շատ տպավորիչ էր այցելությունը Քարահունջ, որը հետաքրքիր աստղադիտարան է և շատ հին: Մարդկանցից շատերը մտածում են, որ այդպիսի մեգալիթյան քարե կառույցներ կան միայն Եվրոպայում, բայց իրականում ձերը շատ ավելի հին է: Ինձ համար շատ հետաքրքիր էր տեսնել նաև Դվինի բուրգը: Մենք չգիտենք, թե ինչքան է հնությունն այդ բուրգի, ով է այն կառուցել, բայց իրականում դա հրաշք է»:
Գրեմ Հենքոքի հավաստմամբ, իր կյանքի ընթացքում բազմաթիվ բուրգեր է տեսել, բայց իսկապես չի հանդիպել սարի վրա բուրգեր կառուցելու այդպիսի տեխնոլոգիայի: Ըստ Վազգեն Գևորգյանի, բուրգի միայն վերին` մոտ 20 մետրանոց հատվածն է երևում, մնացածը թաղված, քողարկված է մի քանի շերտ հողի տակ, բացառված չէ, որ այն ներսում սենյակ կամ բաց տարածություններ ունենա, համապատասխան ուսումնասիրությունները դեռ առաջիկայում են լինելու:
«Ամենաառաջինը պետք է պարզել և լուրջ մոտեցում ցույց տալ հենց այդ` Դվինի բուրգին,- անդրադառնալով առաջնահերթություններին, ասաց բրիտանացի փորձագետը:- Պետք է բացահայտել, թե ինչ է այդ բուրգն իր մեջ պարունակում, գուցե մեջն ունի սենյակ, շատ կարևոր է նաև, որ լուրջ մարդիկ դրանով զբաղվեն ու բացահայտեն, որովհետև այն, իրոք, շատ կարևոր է: Նաև` Քարահունջը և ժայռապատկերները, Տաթևի մոտ գտնված այդ հնավայրը, որտեղ արդեն անտառ է աճել ու շատ դժվար է տեսնել, բայց երբ նայում ենք, երևի հսկա մարդկանց մի բնակատեղի է եղել»: