Tuesday, December 29, 2015

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Իմ շատ սիրելի լոռեցի քույրե՛ր և եղբայրնե՛ր, սիրելի հայրենակիցնե՛ր
Աստծո կամոք իր լրումին հասավ 2015 թվականը, և ևս մեկ տարի մեր աստվածասեր ժողովուրդն ապրեց մաքառումի ու արարումի դժվարին, բայց նաև Աստվածահաճո կյանքով:
Գուգարաց թեմի հոգևոր դասի և անձամբ իմ անունից ջերմագին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Լոռվա աշխարհի ողջ ազգաբնակչությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հավատով աղոթում եմ և մաղթում, որ Ծննդյան Ավետիսով վերստին ողողվեն, զորանան մեր հոգիները, օրհնվեն մեր բարի գործերը, իրականություն դառնան Աստվածահաճո ու մարդասիրական մեր ձեռնարկումները:
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդն անցնող տարին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համախմբվեց, բռունցքվեց ու իր արդար ձայնը բարձրացրեց աշխարհի անարդարների դավադիր լռության դիմաց:
2015 թվականը նաև առանձնացավ ողջ քրիստոնեական աշխարհում աննախադեպ ձեռնարկով` Մեծ Եղեռնին հանուն հավատքի և հայրենիքի նահատակված հայորդիների սրբադասման պանծալի արարողությամբ:
2015 թվականը, ավաղ, լիարժեք խաղաղության տարի չէր ինչպես աշխարհի տարբեր ծագերում ապրող մարդկանց, այդպես նաև մեր ազգակիցներիª Սիրիայում ապրող մեր տասնյակ հազարավոր եղբայրների ու քույրերի համար, որոնք հարկադրված եղան դիմակայել բազում ու բազմապիսի փորձությունների, կրեցին կորուստներ, փրկության և խաղաղության ափ որոնեցին զանազան երկրներում և Մայր հայրենիքում: Աշխարհաքաղաքական մեծածավալ ու պայթունավտանգ այս պայմաններում յուրաքանչյուր խելամիտ հայ, ում պատմական հիշողությունը դեռևս չի խամրել, հասկացավ ու գիտակցեց Հայրենիքի և պետականության անփոխարինելի դերն ու նշանակությունը հայության համար, ուստի Նոր Տարվա այս հաշվետու պահին ևս մեկ անգամ պարտավոր ենք գնահատել մեր ձեռքբերումներն ու հաջողությունները, մշտապես համախմբվել մեր երկրին սպառնացող փորձությունները հաղթահարելու համար, չկորցնել իմաստությունն ու միաբանության գիտակցությունը: Զորավի՛գ դառնանք մեկմեկու, պահպանե՛նք մեր ազգային արժանապատվությունը, հարգե՛նք ու սիրե՛նք միմյանց, մեր հայրենիքն ու եկեղեցին:
Աղոթենք նաև, որ արտագաղթի պատճառով աստանդական հայը բարեկեցություն ու ապահովություն չորոնի օտար երկրներում, և որ հոգևոր ու աշխարիկ իշխանավորներս մեր մեջ ուժ և իմաստություն գտնենք՝ երկիրը դուրս բերելու համընդհանուր աղքատության ու հուսալքության մղձավանջից:
Սիրելի՛ հայորդիներ, վերստին շնորհավորում եմ բոլորիդ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայրական սիրով օրհնում և մաղթում, որ 2016 թվականը դառնա մեր ժողովրդի համար խաղաղության և ինքնակատարելագործման ինքնաճանաչման տարի:
Ամեն մեկս մեր թեկուզ փոքր գործը նվիրումով կատարելու դեպքում միայն կարող ենք մաքրվել, ինքնակատարելագործվել և մոտենալ հեռավոր թվացող բաղձալիին: Այլ ճանապարհ չկա:
Թո՛ղ Աստված օրհնի բոլորիդ:
Թո՛ղ Աստված հավետ օրհնի մեր երկիրն ու ժողովրդին: Ամեն:
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի


Monday, December 28, 2015

Ձեռք մեկնիր Վանաձոր




Սիրելի հայորդիներ,

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանի՝ ամփոփվեց մեր 5-րդ տարվա «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը.

Monday, December 7, 2015

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԵՆ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ


Գուգարաց թեմի հոգևոր դասի, Չկալով գյուղի հավատացյալների և մեր անունից խորին երախտագիտություն ենք հայտնում և մեր օրհնությունը բերում ԱԺ պատգամավոր, եկեղեցասեր և հայրենանվեր գործարար Կարեն Սարիբեկյանին` նոյեմբեր ամսի հզոր քամիների պատճառով Չկալով գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վնասված տանիքը վերականգնելու համար:
Հարգարժան պատգամավոր Կարեն Սարիբեկյանը բազմիցս աջակցել է թեմի Աքորու, Վանաձորի եկեղեցիների եկեղեցաշինական գործերում և լինելով Չկալովի գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու բարերարը` մինչ օրս էլ մշտապես հետևողականորեն և մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակում է զբաղվել սրբավայրերի պահպանմամբ:
Սիրելի բարերար, Բարձրյալն Աստծո օրհնությամբ թող մշտապես պտղաբերեն Ձեր նվիրումն ու ջանքերը` ի փառս Մայր Եկեղեցու և Հայրենիքի:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Saturday, December 5, 2015

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ ՎԱՆԱՁՈՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՊՈՒՐԱԿՈՒՄ` ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, դեկտեմբերի 7-ին` Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ քաղաքի հոգևոր դասի, կատարվեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ: