Friday, August 17, 2018

Գուգարաց թեմի «ԾԻԾԵՌՆԱԿ» ճամբար 2018թ.

































ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՕԾՎԵՑ ԱՐԴՎՈՒ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ
ԴԱՄԲԱՐԱՆ-ՄԱՏՈՒՌԻՆ ԿԻՑ ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ԽԱՉԸ


Օգոստոսի 2-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվեց և տեղադրվեց Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը:
Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետը այն եզակի սրբերից է, ում աճյունը ամփոփված է Արևելյան Հայաստանում: Սուրբ Հովհան Օձնեցին մեր պատմության մեծագույն հայրապետներից մեկն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսական աթոռին գահակալեց 717-728թթ.-ին և արաբական տիրապետության դժնդակ պայմաններում իր գրով ու խոսքով, իր հովվական ու հովվապետական արթուն հսկողությամբ և հեռատեսությամբ կարողացավ իր հոտն առողջ և ամբողջական պահել թշնամիների հարվածներից:
Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել: Դարերից մեզ հասած այս պատմական զորավոր վայրը խիստ խնամքի, փլուզումից փրկելու և բարեկարգման կարիք ուներ:
Սեպուհ Սրբազանի դիմում-խնդրանքին ընդառաջ՝ Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռի ծածկի և զանգակատան վերականգնման շինարարական աշխատանքների ու բարեկարգման բարերարությունը ստանձնեց «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ղեկավար պարոն Վահե Կարապետյանը: Համալիրի վերականգնման շինարարական աշխատանքներն իրականացվել են Սրբազան հոր անմիջական վերահսկողությամբ: Վերականգնման նախագծի հեղինակն է Մայր Աթոռի ճարտարապետ տիկին Մերի Դանիելյանը:
Սրբազան Հոր փափագն է նաև, որ հետագայում վերականգնվի ու նախնական տեսքի բերվի Մեծ Սուրբի դամբարանը, որի համար Սրբազան Հոր հրավերին ընդառաջ հուշարձանների վարչության և Մայր Աթոռի ճարտարապետական բաժնից համապատասխան հանձնախումբ այցելեց և մոտ օրերս պետք է հայտնի իր գրավոր եզրակացությունը:
Այս առթիվ, դամաբարան-մատուռի և զանգակատան դռները նվիրաբերեց Գյումրիի նոտար և Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ
Մուկուչյանը: Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Արմեն Մխոյանը նվիրաբերեց 4 սրբապատկերներ: Ճանապարհի ջրանցքի կամրջակը կառուցեց ճանապարհաշինարար և խաչքավոր Մուկուչ Տիտանյանը: Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ իրականացրեց «Մ. Լամբարյան» ՍՊԸ տնօրեն Մկրտիչ Լամբարյանը, ով իր կողմից անհատույց իրականացրեց տարածքի մասնակի բարեկարգումը:
Թեմի համար երկար սպասված իրադարձություն էր: Ներկա ուխտավորներին մեծ ուրախություն պարգևեց այս զորավոր և խորհրդավոր ուխտավայրի վերականգնումը և խաչի օծումը:
Իր օրհնության խոսքն ասաց առաջնորդ Սրբազանը՝ ի մասնավորի նշելով. «Մեր աղոթքները ավելի զորավոր ու լսելի են դառնում Աստծուն, երբ սուրբերի աճյունի առջև ծնկաչոք ու խոնարհ հայցում ենք նրանց բարեխոսությունը: Այնպես, ինչպես որ մեր սրբերն են փութաջանորեն մեր աղոթքները առ Աստված հասցնում, նույնպես և մենք պարտավոր ենք ջանասիրությամբ պահպանել ու շեն պահել իրենց դամբարաններն ու սրբավայրերը: Գուգարաց թեմի և հայաստանաբնակ հավատավոր ժողովրդի համար հոգեհարազատ այս սրբավայրը՝ Արդվու Սրբանեսի վանքը, անհնար է պատկերացնել առանց ուխտավորի: Յուրաքանչյուր ուխտավոր պետք է գիտակցի, որ ուխտագնացությունների շարքը առանց Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան այցելության կմնա, անկատար ու թերի:»
Արարողության ավարտին Սրբազան Հայրը օրհնեց ներկաներին, գնահատանքի, օրհնության և երախտիքի խոսք հայտնեց բարերար Կարապետյան գերդաստանին՝ հանձինս Կարապետյան գերդաստանի նահապետ հարգարժան Սարգիս Կարապետյանի, ով և ստանձնեց խաչի օծման կնքահայրությունը: Սրբազանը պարոն Սարգիսին հանձնեց վերականգնված սրբավայրի յուղաներկ կտավն ու պատկերազարդ ալբոմը:
Խաչի օծման արարողությանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանը, Թումանյանի, Ստեփանավանի տարածաշրջանների քահանա հայրեր, ներկա էին համայնքապետեր և բարեպաշտ ուխտավորներ:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
2 օգոստոս 2018թ.

Опубликовано: 3 авг. 2018 г.

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ
ՔԱՐԻՆՋԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ

Օգոստոսի 15-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին:
Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, եղել է սիրված և միակ սրբավայրը Քարինջ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես դարբնոց և ժամանակի ընթացքում ավերվել է։




Այժմ եկեղեցին արդեն պատրաստ է ընդունելու Քարինջ համայնքի բարեպաշտ հավատացյալներին՝ Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: Եկեղեցու վերակառուցման բարերարությունը ստանձնել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրները:
Վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, խորանն ու մկրտության ավազանը:
Մաղաքյան եղբայրների բարերարությամբ վերանորոգվել և հարդարվել են եկեղեցու պատերը, կառուցվել է տանիքը և եկեղեցու հատակը, տեղադրվել են պատուհանները և մուտքի դռան անձրևածածկը: Եղբայրների կողմից նվիրաբերվել են Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի սրբապատկերները, Սուրբ Աստվածածնի որմնանկարը, 2 նստարաններ, Սուրբ Սեղանի մոմակալներ և Սուրբ Խորանի խաչը:
Գուգարաց թեմի կողմից նվիրաբերվել են եկեղեցու ջահերը, գորգ և խորանի վարագույրը: Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր Ռոբերտ Մուկուչյանի կողմից նվիրաբերվել են դարբնի կոփածո երկու մոմակալներ:
Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, օրհնության գիր և նվերներ հանձնեց բարերարներին:
Վերաօծման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի քահանա հայրեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի բարեպաշտ հայորդիներ և ուխտավորներ տարբեր համայնքներից:
Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցու բարերար Մաղաքյան եղբայրների կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ:

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
15 օգոստոս 2018թ.

Опубликовано: 20 авг. 2018 г.