Wednesday, July 26, 2017


ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
25 հուլիս 2017թ.


Այսու հաղորդագրությամբ Սանահին վանքի տարածքում վերջերս տեղի ունեցած ապօրինի հողարկավորության և գերեզմանաշինության առնչությամբ պարզաբանում ենք. 
Սանահին վանքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է հանձնվել 13 ապրիլ 2011 թվականի թիվ 2656312 սեփականության վկայականով (գրանցված է իրավունքների պետական գրանցման միասնական 06-002-3 մատյանի 134 համարի տակ): 
Համաձայն վկայականում սահմանանշվածի` եկեղեցու սեփականություն է հանդիսանում միմիայն վանքային համալիրն ու մատուռ սրբատեղիները` սահմանափակ չնչին հողակտորներով:  Վանքի հարակից ողջ գերեզմանոցը ընդգրկված չէ վանքի սեփականության վկայականում և այն իբրև պահպանման գոտի, հանդիսանում է հուշարձանների վարչության և կամ համայնքային սեփականություն: 
Մինչ Մայր Աթոռին հանձնվելը` Սանահին վանքի տարածքում խորհրդային և ապա ՀՀ անկախության առաջին տարիներին տեղական իշխանությունների, Սանահինի գյուղապետերի և ապա թաղապետերի թույլտվությամբ և հուշարձանների վարչության անտարբերության պատճառով կատարվել են հարյուրավոր հուղարկավորություններ:  
Գուգարաց թեմը սկսյալ 1996 թվականից երբեք նոր թաղումների թույլտվություն չի տվել, այլ ընդհակառակը` մշտապես ահազանգել և մարզպետների միջոցով արգելել է գյուղապետերին ու թաղապետերին վանքի հարակից տարածքում անօրինական թաղումներ իրականացնել: Այս մտահոգությամբ հուշարձանների վարչության մարզային ներկայացուցիչներին մշտապես թեմի կողմից հորդորվել է հսկել և տեր կանգնել այդ տարածքներին:
Հանրային հեռուստատեսությամբ մենք արդեն արտահայտվել ենք և սակայն  կրկին դատապարտում ենք կատարվածը և տեղի ունեցած ապօրինության կապակցությամբ ակնկալում դատախազության և քննչական մարմինների վճիռը: Կոչ ենք անում նաև ՀՀ Մշակույթի նախարարությանը,  պատկան կառույցներին` հետևողական լինել պատմական վայրերի և հուշարձանների, սրբավայրերի պահպանման գոտիների անձեռնմխելիության ապահովման հարցում:
Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներում վանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ավետիք աբեղայի կողմից տրված բացատրություններին և հարցազրույցին` նշենք, որ դա ակնհայտ թյուրիմացություն է և հովվի անտեղյակության արդյունք:



ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Friday, July 14, 2017

ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ`

ԿՈՒՐԹԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ 

ԵԿԵՂԵՑԻ


Հուլիսի 13-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Կուրթան համայնքի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին:
5-6-րդ դարերին թվագրվող այս գեղեցիկ եկեղեցին դարձավ միակ գործող սրբավայրը Կուրթան համայնքում: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին` 1929-1930 թթ.,անաստվածները եկեղեցին պայթեցրել են, որի հետևանքով պատերը մասնակի փլուզվել են,  քարե  ծածկը քանդվել և ապա 1983-1984 թթ.  եկեղեցին  Հուշարձանների պահպանության վարչության կողմից մասամբ վերականգնվել է:








Վերջին տարիներին երկար ձգձգվող վերոնորոգչական աշխատանքները սպասումի մեջ էին պահում համայնքին, ովքեր անհամբերությամբ էին սպասում եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտման, կահավորման և  վերաօծման արարողությանը: Այսօր եկեղեցին լիովին պատրաստ է ընդունելու Կուրթան և հարակից համայնքների բարեպաշտ բնակիչներին` Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: 


 Թեմակալ առաջնորդի քաջալերանքին և հորդորներին ընդառաջ` Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը ոչ միայն կազմակերպել ու ղեկավարել է  եկեղեցու վերանորոգչական աշխատանքները, այլ նաև իր նյութական միջոցներով եկեղեցու տարածքում կատարել է հողահեռացման և մաքրման մեծածավալ աշխատանքներ, տեղադրել է  Սուրբ Սեղանը,  իսկ  համայնքապետի որդի Անդրանիկ Գևորգյանի նախաձեռնությամբ էլեկտրաֆիկացվել է եկեղեցին:

























Սփյուռքահայ մեր եղբայրներ` հայր և որդի Վարդան և Քրիստիան Գելիջիների բարերարությամբ, եկեղեցու տանիքը թիթեղապատվել է, տեղադրվել են եկեղեցու մետաղյա դռները և պատուհանները, ինչպես նաև եկեղեցուն նվիրաբերվել է հնամենի մեկ զանգ:
Գուգարաց թեմի առաջնորդարանի կողմից պատրաստվել են  եկեղեցու վարագույրներն ու Սուրբ Սեղանի սպասքը, մոմակալները, զանգակատան մեծադիր կոփածո խաչը և թեմի նյութական միջոցներով իրականացվել են մասնակի հարդարման աշխատանքներ:
Եկեղեցու վերանորոգչական աշխատանքներին իրենց ներդրումն են ունեցել Վալեր Մագթաղյանը, ով վերականգնել է եկեղեցու խորանը,  սալահատակի  պակասող  հատվածը և այլ աշխատանքներ, Մերուժան Գևորգյանը մասնակցել է վերանորոգչական աշխատանքներին. եկեղեցու խորանը զարդարել է գորգերով, Սոս Նալբանդյանի  բարերարությամբ եկեղեցին զարդարվել է երեք բարձրադիր   սրբապատկերներով և ատյանը` գորգերով, ինչպես նաև բակում կատարվել են մաքրման աշխատանքներ, Էդիկ Թամարյանը եկեղեցուն նվիրել է մեկ մեծադիր սրբապատկեր, Գառնիկ Ներկարարյանը նվիրել  է եկեղեցու մկրտության գրանիտե գողտրիկ ավազանը, Հայկ Մագթաղյանը  եկեղեցին զարդարել է վեց բռաներով և երկու ջահերով, Գևորգ Սինդոյանը և Անզոր Թամարյանը եկեղեցուն նվիրել են վեց փայտե նստարաններ, Կուրթան համայնքի միջնակարգ դպրոցը իր  տնօրեն Վանիկ Նալբանդյանի  գլխավորությամբ ակտիվորեն մասնակցել են  եկեղեցու վերանորոգչական և մաքրման ամբողջ աշխատանքներին :
Վերանորոգչական աշխատանքների ողջ ընթացքում եկեղեցում չեն դադարել նշվել եկեղեցական տոները, կատարվել են պսակի, մկրտության արարողություններ:
Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական հորինվածքով տարածաշրջանում առկա են ևս 3 եկեղեցիներ Գյուլագարակ, Հոբարձի և Վարդաբլուր գյուղերում, որոնք գտնվում են խոնարված վիճակում:
Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, օրհնության գիր ու սրբապատկեր նվիրեց Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանին:
ՖՈՏՈՇԱՐՔԸ ՎԱՀԵ ԽԱՉԻԿՅԱՆԻ
Վերաօծման արարողությանը ներկա էին եկեղեցու վերանորոգման բարերարները, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը, Ստեփանավանի համայնքապետը, տարածաշրջանի համայնքապետերն ու հոգևոր հայրերը:
Բարերարներ Թելման Հակոբյանի, Էդիկ Թամարյանի, Սոս Նալբանդյանի և Վարդան Ներկարարյանի  կողմից ուխտավորներին մատուցվեց 7 գառան մատաղ: 

Եկեղեցական կյանք 14.07.2017







Friday, July 7, 2017

Գուգարաց թեմում վերաօծվեց սիրված սրբատեղի Կամկատար մատուռը