Monday, December 15, 2014

«Զգուշացեք Եհովայի վկաներից»
կամ
Պատասխան քարոզչություն «վայ» քարոզիչներին
       
Արդեն ամիսներ ի վեր Հայաստանի տարբեր մարզերում «Եհովայի վկաներ» կազմակերպությունը տեղադրում է ստենդներ իրենց կազմակերպության «հոգևոր գրականությամբ», որն անվճար բաժանում են անցորդներին։ Գրականության բաժանման հիմնական նպատակն է նոր անդամներով հարստացնել «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության շարքերը։ Այս ոչ բարի քարոզչության կենտրոններից մեկն էլ Վանաձոր քաղաքն է, որտեղ օրերս մի խումբ քրիստոնյա երիտասարդներ փորձեցին օգտվել օրենքի «շնորհած բարիքներից» և զգուշացնել բնակիչներին` հեռու մնալ ազգակործան և հոգեկան լուրջ խեղման տանող այս վայ քարոզչությունից: Երիտասարդները` «Զգուշացեք Եհովայի վկաներ աղանդից» պաստառով գրությամբ, Ավետարանից համապատասխան մեջբերմամբ  և կրոնական այս և այլ կառույցների ազգակործան քարոզչության մասին ինֆորմացիոն գրքույկներով հայտնվեցին Եհովայի վկաներ կառույցի ստենդի և այն հսկող վկաների կողքին:     Եհովայի վկաները, ովքեր «բարի լուր» էին ավետում քաղաքի բանուկ հատվածներից մեկում, տեսնելով երիտասարդների պաստառը, փորձեցին բանավեճի մեջ ներգրավել և սպառնալ վերջիններիս` թե ոստիկանության միջոցով կհեռացնեն նրանց: Սպառնալիքը ազդեցություն չունեցավ: Երիտասարդներին երկար բարակ անպատասխան հարցադրումներից, նկարահանումներից, սպառանալիքներից հետո, վերջիններս հավաքեցին իրենց գրականությունը և քայլերն ուղղեցին դեպի Վանաձորի Հելսինկյան գրասենյակի առջև, որտեղ էլ հիմնականում կանգնում են և բաժանում են իրենց գրքերը: Տեսնելով երիտասարդների պաստառը նաև այստեղ` երեք հոգուց բաղկացած վկաների կազմը լքեց տարածքը: Երիտասարդներին որպես սպառնալիք մնաց միայն «ձեզ համար վատ է լինելու» խոսքը, որը շպրտեց նրանց այդ օրվա միակ տղա քարոզիչ վկան:
 «Եթե օրենքը այդքան բարեհաճ է և այս աստիճան ծայրահեղական կրոնական կառույցի արտոնում է նման քարոզչություն իրականացնել իրենց տարածքից դուրս, ապա մեզ էլ` իբրև հայ քրիստոնյա, կանգնեցնում է պարտքի առջև` զգուշացնել հանրությանը հեռու մնալու նման այս կառույցից»,-նշեց ակցիայի ակտիվիստ Դավիթ Խաչիկյանը: Ինչպես նշում են երիտասարդները, այս լուռ ակցիան, որը օրենքի շրջանակներում է դարձյալ, պարզապես զգուշացում է և ինչու չէ, բնակիչների շահերի պաշտպանում: Երիտասարդների խոսքով ակցիան շարունակական է և կլինի այնքան ժամանակ, որքան «բարի լուր» ավետարանողները կշարունակեն խեղկատակել քաղաքի որևէ հատվածում: 
Որպես լրացում, խոսենք նաև այն օրենքի շուրջ, որը ստիպեց երիտասարդներին քայլեր ձեռնակել` իրենց փոքր հնարավորության սահմաններում ծառայություն մատուցել քաղաքի բնակչությանը: «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոքր-ինչ ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ կրոնական այս կառույցները իրենց տարածքից դուրս քարոզչության արտոնություններ չեն կարող ունենալ` ելնելով այդ օրենքի 7-րդ հոդվածով: Իսկ եթե որևէ եզրույթի այլ բացատրությամբ, կամ որոշ օտար ուժերի դրդմամբ և կամ Եվրոպայից սնվող այս կամ այն կառույցների օժանդակությամբ այս հոդվածը մեկնաբանվում է «հասարակ բնակչությանը ոչ հասանելի» կերպով կամ արտոնվում է հոգեկան խեղման հանգեցնող վայ քարոզիչների գործունեությունը, ապա ողջ ազգը կանգնում է ծաղրալի մի իրավիճակում: Ի վերջո ծաղրալի չէ, ապա ինչ է, երբ Հայաստանի տարածքում բաժանվում է մի գրականություն, որը արգելված է, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում՝ որպես ծայրահեղական և աղանդավորական գրականություն և կամ որը լուրջ հոգեկան շեղումների և խնդիրների առջև է կանգնեցնում այն ուսումնասիրողին, ասել է թե խեղաթյուրում է հոգեբանությունը:  
Լուռ ակցիան կազմակերպող երիտասարդները կոչ են անում քաղաքի բնակիչներին զգոն և զգույշ լինել այս կրոնական կառույցից և հավատարիմ լինել իրենց ավանդվածին` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը:

Վանաձորի «Նարեկացի» երիտասարդաց միության անդամներ

http://lorinews.am/lrahos/hasarakutyun/2733-zgushaceq-ehovayi-vkaneric-kam-patasxan-qarozchutyun-vay-qarozichnerin.html


ՓԱԽՈՒՍՏ...


Այսօր դարձյալ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը իր հանրահայտ ստենդով հոգեորսությամբ էր զբաղվում արդեն «Աստերի»հրուշակեղենի խանութի առջև` ի վերջո Ամանոր է և մարդկանց հոսքը այդ տարածքում շատ է, տրամաբանական է... 
Վերջիններս սակայն տեսնելով մեզ և մեր` «Զգուշացեք Եհովայի վկաներից» պաստառը, լքեցին տարածքը և վերադարձան իրենց գրասենյակ (հավաքատեղի):
Հ.Գ. Կոչ ենք անում բոլոր վանաձորցիներ միանալ «Զգուշացեք» ակցիային:



Աղանդ
Александр Амарян
https://www.facebook.com/alexandr.amaryan
Աղանդն ընդդիմադիր հոսանք, ուսմունք կամ դավանանք է համաշխարհային այս կամ այն կրոնում: Աղանդը շեղում է հիմնական կամ պաշտոնական դավանանքից և հաճախ հակադրվում է դրան:
Աղանդի հետևորդները կոչվում են աղանդավորներ. դրանք մարդկանց (հավատացյալների) խմբեր են, որոնք անջատվել են ավանդական եկեղեցուց և, չընդունելով նրա դավանանքի որոշ կետեր կամ դավանանքն ամբողջությամբ, քարոզում են իրենց առաջնորդի կողմից առաջ քաշած գաղափարները: Վերջիններս մեծ մասամբ հիմնված են Ավետարանի այս կամ այն հատվածի կողմնակալ մեկնաբանության վրա՝ ըստ աղանդի շահերի և համոզմունքների:
Աղանդավորները` որպես առանձին կազմակերպված համայնքներ, ընդդիմադիր են ոչ միայն ավանդական եկեղեցու, այլև հաճախ` պետությանն ու պետական կառույցներին: Աղանդների հետևորդները խուսափում են ազգային, հասարակական, բարոյական պարտավորություններից:
Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանց առաջնորդները, իրենց վերապահելով Սուրբ Գրքի մեկնաբանմամբ դավանանքի նոր սահմանումները տալու իրավունքը, շատ դեպքերում հայտարարում են իրենց նոր մարգարեներ կամ նոր քրիստոսներ ու մխիթարիչներ: 
Աղանդավորական շարժումները քրիստոնեական եկեղեցու կյանքում նոր երևույթներ չեն: Դեռևս I–III դարերում փիլիսոփայական տարբեր հոսանքների ազդեցությամբ ձևավորվել են բազմաթիվ աղանդներ, հերձվածներ ու հերետիկոսական ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առաջնորդը: Ժամանակակից աղանդներում այդպիսիք են, օրինակ, Ռասելը՝ Եհովայի վկաների, Միլլեր–Վայթ զույգը՝ ադվենիստների, Սմիթը՝ մորմոնների համար: Սկզբունքը նույնն էր նաև պատմական աղանդների դեպքում, ինչպես Արիոսը՝ արիոսականների, Պողոս Սամոսատցին՝ պավլիկյանների համար և այլն:
Հին և նորագույն ժամանակաշրջանների առանձին մտածողների ու աղանդավորների կարծիքով՝ Աստվածաշունչն Աստծու խոսքի միակ աղբյուրը չէ, և քրիստոնեական ճշմարտությունը տրված է ոչ միայն Հին ու Նոր կտակարաններում: Սուրբ Գրքի պատգամները շատ հաճախ շաղախվում են հեթանոսական կրոնների, առանձին փիլիսոփաների կամ գիտական հայտնագործությունների՝ իրենց ձեռնտու մտքերով ու փաստերով: 


Հիսուս Քրիստոսը ժամանակին կանխատեսել էր, որ իր խոսքերի սխալ մեկնաբանությամբ հանդես կգան կեղծ քարոզիչներ:
IV դարից սկսած Հայ եկեղեցում նույնպես երևան են եկել աղանդներ՝ մծղնեականությունը, բորբորիտները, պավլիկյաններն ու թոնդրակեցիները: Աղանդավորական շարժման դեմ պայքարում անգնահատելի է V դարի պատմիչ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունը:
XIX–XX դարերում են առաջացել կեղծ քրիստոնեություն և ամբողջատիրական գաղափարներ քարոզող Եհովայի վկաների, մորմոնների (Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի), մունինների (Միավորման եկեղեցի) աղանդները:
Ժամանակակից քրիստոնեական աղանդներն այսօր էլ իրենց վնասակար գործունեությունը շարունակում են Հայաստանում, որոնցից առավել տարածված են.

Ադվենտիստներ (լատիներեն է, նշանակում է գալուստ) կամ գալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում 1830-ական թվականներին: Բողոքականության տարատեսակներից է: Քարոզում է Քրիստոսի երկրորդ գալուստը և երկրի վրա նրա աստվածային հազարամյա թագավորության հաստատման գաղափարը:
Բապտիստներ (հունարեն է, նշանակում է ընկղմվել, ջրով մկրտվել). բողոքականության տարատեսակներից է, առաջացել է XVII դարում: Չեն ընդունում գաղտնիությունը, մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:
Հիսունականներ կամ հոգեգալստականներ. աղանդն առաջացել է ԱՄՆ-ում XIX դարի վերջին – XX դարի սկզբին: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի Հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հիսունականները, սխալ ընկալելով լեզվախոսության շնորհը, այն իբրև պարտադիր պայման են ընդունում և շատ հաճախ հոգեբանական էքստատիկ վիճակների մեջ են հայտնվում, որը հոգևոր և հոգեբանական լուրջ վնասվածքներ ստանալու վտանգ ունի: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր՝ Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ և այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, սրբապատկերները, խաչը:
Եհովայի վկաներ կամ եհովականներ. բողոքական աղանդ է, հիմնադրել է Չառլզ Ռասելը 1872 թ-ին ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված և նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում Սուրբ Հոգուն իբրև Աստծու, մերժում են Սուրբ Խաչը, մկրտությունը և այլն: Ըստ եհովականների՝ երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, և Եհովայի ու սատանայի առաջիկա ճակատամարտում (Արմագեդոն) մարդկությունը կկործանվի՝ բացառությամբ եհովականների, և երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:
Մորմոններ. աղանդն ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830 թ-ին ԱՄՆ-ում: Նրանք չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները՝ համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը:
Հայաստանում գործում են նաև ասյենտոլոգների, մունականների, օկուլիստների, սպիրիտիզմի (հոգեպաշտների), յոգայի և կրիշնայականության, սատանայապաշտների զանազան խմբեր:
«Զգո՜ւյշ եղեք, չլինի թե որևէ մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը պիտի գան իմ անունով և մոլորեցնեն շատերին»:
Մատթեոս 24. 4–6:

Friday, December 12, 2014

Զորաց տաճար...

1303թ. Եղեգիս
Վայոց Ձոր, Հայաստան

Եկեղեցին կառուցվել է 14-րդ դ. (1303 թ.) Սյունյաց իշխան Տարսայիճ Օրբելյանի (որն Արենիում ապարանք ուներ) թոռան` Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսի կողմից։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր մոնղոլական լծի տակ (մոտ.1242-1344 թթ.). և նրանց պահանջով հայոց իշխանները պետք է մարտնչեին մամլյուքների և թյուրքական ցեղերի դեմ, որոնք մրցակցում էին թագավորության հարուստ հողերի համար։

Monday, December 8, 2014

Գուգարաց թեմում երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ է կատարվել


Գուգարաց թեմում 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչումն սկսվեց  Սպիտակ քաղաքից: Թեմի հոգևորականներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվեցին քաղաքի  Սբ. Հարություն եկեղեցում, որը կառուցվել է 1999 թվականին Սպիտակի նախկին քաղաքապետ լուսահոգի Սուրեն Ավետյանի բարերարությամբ:
  Եկեղեցում ժամերգության ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց: Քարոզում սրբազան հայրը հորդորեց ապրել ներկայի խնդիրներով:
Երկրաշարժից անցել է 26 տարի , բայց աղետի գոտում դեռ հազարավոր անօթևաններ և տնակային ավաններում ապրող ընտանիքներ կան: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով հաջորդ տարի բնակարանների խնդիրը իր լուծումը կստանա:

 Վանաձորի Սբ Աստվածածին Եկեղեցու նահատակաց պուրակում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարի մոտ ևս տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:


  Նույն օրը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի բակում կանգնեցված խաչքար կոթողի առաջ Տ. Վահան քահանա Ազարյանը հոգեհանգստի արարողություն կատարեց : Այստեղ հիմնարկի պետը սիրո ճաշ մատուցեց:






հեղ. Ստելլա Գևորգյան
Լուսանկարները Լիլիթ Յոլչյանի