Օծվեց Ձորագգյուղի Սբ.Աստվածածին եկեղեցու Սբ.Խաչը եւ Զանգը
:
Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի տարածքում կա 2 սրբատեղի` 13-րդ դարի գյուղամիջյան կիսավեր եկեղեցին և Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1906 թ.-ին գյուղի հարավ-արևմտյան մասում: Սրբատեղին մեծապես վնասվել էր 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժին: Տևական ժամանակ եկեղեցին խոնարհված էր, գյուղի բնակչությունը /թիվը հասնում է 233-ի/ զուրկ էր եկեղեցուց
Արձագանքելով գյուղի բնակչության խնդրանքին` եկեղեցին նորոգելու և սրբազան արարողություններ կատարելու նպատակով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մոսկվայաբնակ բարերարներ Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրները անձամբ նախաձեռնեցին եկեղեցու վերակառուցման հովանավորությունն ու ղեկավարեցին աշխատանքները:
2012թ-ի սեպտեմբերի 27-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի կատարվեց Ձորագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Խաչի և Զանգի օծման արարողությունը: Սրբազան արարողությանը մասնակցում էին նաև Վանաձորի հոգևոր հովիվ Վահան քահանա Ազարյանը: Ներկա էին գյուղի բարեպաշտ բնակիչները, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, գյուղապետը, դպրոցի աշակերտությունը և ուխտավորներ: Թեմակալ Առաջնորդը օրհնեց ներկաներին և շնորհավորեց աղոթավայրի վերանորոգման առիթով, նաև` շնորհակալական խոսք հղեց եկեղեցու բարերար Գագիկ և Գառնիկ Ներսիսյան եղբայրներին:
Արարողության ավարտին բարերարի կողմից ներկաներին մատուցվեց երախտիքի ու գոհության մատաղ:
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան
Ֆոտոշարքը ՝ Լ.Յոլչյան