Monday, July 21, 2014


Ոմանց դուր չեկավ համաշխարհային ազգ լինելու գաղափարը: Կամ այն մասին, թե ինչպես անհարկի կրճատեցին ՎԱԶԳԵՆ Ա-Ի խոսքերը:
1991թ. սեպտեմբերի 29-ին Վազգեն Առաջին վեհափառի ձեռամբ կայացավ մեռոնօրհնեքի արարողությունը: Վեհափառի` այդ առիթով ասված քարոզը ամբողջությամբ հեռարձակվեց ուղիղ եթերով (Ձեր խոնարհ ծառայի պատրաստած հաղորդումն էր): Բայց մի տարօրինակ բան կատարվեց` նախ «Լրաբեր»-ը կրճատեց քարոզի այն բաժինը, ուր խոսվում էր մեր ազգի «համաշխարհային երևույթ» լինելու մասին: Ապա հաջորդ օրը Հայաստանի կենտրոնական թերթերը քարոզը տպագրեցին դարձյալ այդ նույն բաժնի կրճատումներով: Անկասկած էր մի ընդհանուր կարգադրության փաստի գոյությունը, որն արվել էր «վերևներից»: Հավանաբար «սովորական ազգ» հասկացողությամբ բավարարվող վերևի ինչ-որ մարդկանց դուր չէր գալիս Վեհափառի պնդումն ու հիմնավորումը «Հայ ազգ-համաշխարհային երևույթ» գաղափարը:
Այս խնդրով հետաքրքրվողներին ներկայացնում եմ կրճատված մասը` սղագրված այդ օրվա հեռուստատեսային հաղորդման տեսագրությունից:
«Վկա է պատմությունը, որ քրիստոնեությամբ հայ ազգը դարձավ համաշխարհային երևույթ: Այո, համաշխարհային երևույթ… Հայ ժողովուրդը քրիստոնեությամբ դարձավ համաշխարհային երևույթ նաև իր հինգերորդ դարի Ոսկեդարով, երբ աշխարհում կազմավորվեց ու ճառագայթեց մի նոր մշակույթ, ազգային ինքնատիպ մի նոր ոգեկանություն, որի ստեղծած արժեքներն իրենց մնայուն տեղն են գրավել միջազգային քաղաքակրթության պատմության մէջ մինչև մեր օրերը:
Եվ վերջապես հայ ժողովուրդը, քրիստոնեությամբ դարձավ համաշխարհային երևույթ նաև Վարդանանց պատերազմով, որ աշխարհի պատմության հորիզոնի վրա հանդիսացավ առաջին պատերազմը վասն խղճի, վասն հավատի ազատության»:

Հովհաննես Պապիկյան ֆեյսբուքյան գրառումից
http://www.magaghat.am/2014/07/%D5%BE%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A5%D5%B0%D5%A1%D6%83%D5%A1%D5%BC%D5%A8-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1-2/

No comments:

Post a Comment