ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ
ՏԵՐ ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ
ՈՒՂԵՐՁԸ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ նորապսակներ
Տեառնընդառաջի և նորապսակների օրհնության օրվա առթիվ մեր հայրական սերն ու օրհնությունն ենք հղում ձեզ՝ մաղթելով բոլորիդ սեր, երջանկություն և ընտանեկան բարօրություն:
Քրիստոնեության պաշտոնական ընդունումից շատ չէր անցել, երբ հեռավոր 4-րդ դարում Աշտիշատի եկեղեցական ժողովի կանոնական որոշումներում ամրագրվեցին այդ ժամանակների համար հույժ առաջադիմական և նորարարական գաղափարներ` կապված ամուսնության և ընտանիքի հետ: Ըստ այդմ Հայ եկեղեցին հաստատուն ու աներեր կանգնեց ընտանիքի կողքին, խրախուսեց և ապահովեց նրա ամրակուռ գոյությունը, օրհնեց մարդկային այդ վեհ զգացումը` սերը, որը իբրև սուրբ շաղախ պիտի դրվի յուրաքանչյուր հայ ընտանիքի հիմքում: Այս գաղափարը եկեղեցին կնքեց Սուրբ Պսակի խորհրդի հաստատումով: Օրհնյալ է ամուսնությունը, երբ զույգերը միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, դառնում են մեկ հոգի` երկու տարբեր մարմիններում` նայելով նույն ուղղությամբ, կրելով նույն արժեհամակարգը, ապրելով ոչ այլ բանի, քան միմյանց օգտակարության և որդեծնության համար: Ցավ է այսօր տեսնելը հատկապես նորապսակ ընտանիքների քայքայումը, լուծարումը, որ կամ հիմնված է լինում հիվանդագին սիրահարվածության, սեփական ես-ի ինքնահաստատման, բռնություն բանեցնելու, անվստահության, նվիրումի բացակայության և շատ այլ մարդկային արատների գործադրման պատճառով: Ընտանեկան կապը պետք է անքակտելի լինի, այն մի հասուն միջավայր է, որտեղ կան երկուստեք պարտավորություններ` հիմնված սիրո վրա: Եվ միայն քրիստոնեական այս տեսակ ընտանիքում է հնարավոր կրթել ազգին պիտանի մանուկ, միայն քրիստոնեական արժեհամակարգով ապրող ծնողներն են ունակ իրենց սիրո պտուղը դարձնել մարդ և ոչ իբրև մարդու կերպարանքով արարած…
Եվ այսօր էլ Հայ եկեղեցին այս տեսակ ընտանիքի մեջ տեսնում է մեր ժողովրդի հարատևման գլխավոր գրավականը, մանավանդ համընդհանրացման, պղտոր ալիքների և հոսանքների, արժեքների խեղաթյուրման նոր մարտահրավերների պայմաններում: Տեառնընդառաջի օրը սահանելով նորապսակների օրհնության օր` մեզ թելադրում է կուռ կեցվածք ունենալ ընդդեմ բարոյական, մշակութային ու հոգեբանական դժնի փորձությունների ու սուրբ ընտանիքի եղծման: Արդ մաղթում ենք, որ բարեգութ Աստված Իր Աջը հարատևորեն պահի հայ ընտանիքի գլխին: Ամեն:
No comments:
Post a Comment