Sunday, February 15, 2015


Տյառնընդառաջի տոնը Ալավերդում 2015


Ամեն տարի ավանդույթի համաձայն` Ալավերդում համաքաղաքային տոնախմբությամբ է նշվում Տյառնընդառաջի կամ քառասուն օրական Հիսուսին տաճար բերելու տոնը: Տոնակատարությունը սկսվում է երեկոյան ժամերգությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որից հետո կատարվում է Նախատոնակ և Անդաստանի կարգ: Արարողությունից հետո ըստ կարգի խոսվեց քարոզ` բացատրելու և հոգևոր գիտելիքներ հաղորդելու մեր հավատացյալներին տոնի կապակցությամբ: Այս քաղցր պարտականությունը իրենց վրա էին վերցրել Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց Միության անդամները, ովքեր հավատացյալներին պատմեցին թե օրվա խորհրդի և  թե տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթների մասին: Ապա կատարվեց նորապսակների օրհնության կարգ, որից հետո նորապսակները նվերներ ստացան եկեղեցու խաչքավորի կողմից: Հավարտ ժամերգության ԵԵՄ-յան անդամները կազմակերպել էին խաչերթ, որի ավարտին եկեղեցու խաչքավոր Կարեն Փարեմուզյանի կողմից եկեղեցուց բերված մոմով վառվեց ավանդական խարույկը: Տոնակատարությունը շարունակվեց խարույկի շուրջ: Տոնախմբությանը միացան Ալավերդու ժող.գործիքները և պարի խմբերը: Տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո:
Թող մանուկ Հիսուսի օրհնությունը անպակաս լինի մեզանից և Տիրոջ աջը հովանի լինի բոլոր նորապսակներին ի պայծառություն մեր Մայր եկեղեցու և Մայր հայրենիքի. Ամեն:
Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ

No comments:

Post a Comment