Thursday, November 20, 2014

Տնօրհնեք



Սուրբ Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հայոց մեջ տարածված է եղել տնօրհնեքի հոգևոր-բարեպաշտական արարողությունը: Տնօրհնեքի արարողությունը գալիս է դեռևս առաքելական ժամանակներից, երբ առաքյալները Քրիստոսի Համբարձումից հետո շրջում էին տները` բոլորին տանելով Քրիստոսի Ծննդյան ու Հարության ավետիսը: Նույն կերպ և առաքյալների հետևորդները` քահանաները, տարվա մեջ երկու անգամ` Ս. Ծննդյան ութօրյակին (հունվարի 6-13) և Ս. Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց վիճակված համայնքների հավատացյալների տները և օրհնում նրանց բնակարաններն ու ընտանիքի անդամներին: Քահանայի այցելության իմաստն օրհնությունից առավել Քրիստոսի Ծննդյան ավետիսը ընտանիքներում սփռելն է:
Հայ Եկեղեցում տնօրհնեքի կարգ սահմանված է կատարել Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո, ինչպես նաև կատարվում է նորակառույց տան կամ հաստատության օրհնություն:
Սուրբ Ծննդյան տոներից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ քահանան, տուն մտնելով, տալիս է Փրկչի Ծննդյան ավետիսը, երգում Մովսես Խորենացու` Ս. Ծննդյանը նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և ընթերցում Ղուկասի Ավետարանից Քրիստոսի Ծննդյան հատվածը (Ղուկաս, Բ․, 8-20): Քահանան օրհնում է տան ջուրը (մկրտության խորհրդանիշը), հացը և աղը (խաղաղության, առատության, բարեպաշտության խորհրդանիշերը), ինչպես Քրիստոսը, աշխարհ գալով, օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները: Քահանան օրհնված ջուրը խաչաձև ցողում է տան պատերին և խնկարկում տունը: Այնուհետև օրհնում է տան անդամներին` Աստծուց նրանց համար պահպանություն հայցելով: Որպես օրհնության համար տեսանելի և մնայուն նշանակ՝ քահանան սեղանին թողնում է տնօրինական պատկերով նշխար, որը պահվում է ալյուրի կամ ձավարեղենի մեջ` իբրև տվյալ տան ունեցվածքի առատության, բերրիության և հաջողության նշան:
Ս. Հարության տոնից հետո կատարվող տնօրհնեքի ժամանակ կատարվում է օրհնության նույն կարգը, սակայն երգվում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը և ընթերցվում Մատթեոսի Ավետարանից հարուցյալ Քրիստոսի և Նրա աշակերտների` Գալիլիայում հանդիպման հատվածը (Մատթեոս, ԻԸ․, 16-20):
Նորակառույց տան օրհնության ժամանակ երգվում է Սահակ Պարթևի` հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախացան» շարականը, և ընթերցվում Ղուկասի Ավետարանից Հիսուսի` Զակքեոս մաքսապետի տուն այցելելու հատվածը (Ղուկաս, ԺԹ․, 1-10):
Գրիգոր Տաթևացու բնորոշմամբ` տնօրհնեքի արարողությունը Ինքը` Հիսուս Քրիստոսն է հաստատել, երբ Զատկի երեկոյան փակ դռների միջով մտավ Վերնատուն և օրհնեց Իր աշակերտներին (տե՛ս Հովհաննես, Ի․, 19-20): Այսպիսով, տնօրհնեքի արարողությամբ հավատացյալների տները Ս. Ծննդյան խորհրդով վերածվում են Բեթղեհեմյան այրի, Ս. Հարության խորհրդով` Վերնատան, և նորակառույց տան օրհնությամբ` փրկության արժանացած մաքսավոր Զակքեոսի տան, որովհետև Աստված այցելեց այնտեղ: Տնօրհնեքի արարողությամբ Հայ Եկեղեցին նաև արժևորում է ընտանիքի նվիրականությունն ու կարևորությունը: Հիրավի, «Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս, ՃԻԶ․, 1):
ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ ՍԻՐԵԼԻ ԲԱՐԵՐԱՐ
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդությամբ «Ձեռք մեկնիր եղբորդ» ծրագրի հանձնախմբի անդամները հերթական բնակարանամուտի ուրախությունն էին կիսում այս անգամ Արտակ Եղիազարյանի և նրա ընտանիքի հետ: Տնօրհնյաց կարգ կատարվեց ևս 2 ընտանիքների նոր բնակարաններում ,որը նրանց նվիրել էր ռուսաստանաբնակ գործարար, Վանաձորցի Գագիկ Էվոյանը:
Արտակ Եղիազայանի բնակարանի տնօրնեք




Քնարիկ Գասպարյանի բնակարանի տնօրնեք




No comments:

Post a Comment