Friday, September 23, 2016

 Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակ է



Սեպտեմբերի 23-ին Ախթալայի Ս. Աստվածածին վանքում մեկնարկ տրվեց Ախթալայի Ս. Աստվածածին վանքի կառուցման 800-ամյակի միջոցառումներին: Առավոտյան մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ 
Տ. Հեթում քահանա Թարվերդյանը: Տեր Հայրը Ս. Պատարագի վերջում իր քարոզում շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև նշեց, որ վանքի պատմությունը ստիպում է բոլորին, հատկապես` ախթալեցիներին ավելի մեծ ջանադրությամբ պահպանել և իրենց փոքրիկ աջակցությունը բերել վանքի զորացմանը, որպեսզի այն ապրի ևս 800 տարի:
Ս. Պատարագի ավարտին Գուգարաց թեմի առաջնորդ` Տ. Սեպուհ արք. Չուլջյանի հանդիսապետությամբ` վանքի բակում կատարվեց վանքի 800-ամյակին կանգնեցված խաչքարի օծման արարողությունը:
Խաչքարը վանքին է նվիրել Արտակ Համբարձումյանը, ով նաև խաչքարի հեղինակն է: Հիշեցնենք, որ Արտակ Համբարձումյանը հայտնի և տաղանդավոր քանդակագործ է, ով բազմաթիվ խաչքարեր է պատրաստել ոչ միայն Հայաստանում, այլ նաև` սփյուռքում: Վերոնշյալ խաչքարը Հին Ջուղայի կրկնօրինակն է` 1557 թ., որը Արտակ Համբարձումյանը վերականգնել է: Խաչքարի բնօրինակը ոչնչացված է:
Խաչքարի օծման արարողությունից հետո, ներկաներին իր օրհնության խոսքը փոխանցեց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը:
Արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, Ախթալայի քաղաքպետ` Հայկ Խաչիկյանը, Հաղպատի վանահայր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության տնօրեն` Սերգո Երիցյանը, վանքի խաչքավոր`Արմեն Մուրադյանը, նշանավոր բյուզանդագետ` Ալեքսեյ Լիդովը:
Խաչքարի օծման արարողություններից հետո Արմեն Մուրադյանի միջոցներով տրվեց մատաղ, որն օրհնվեց և բաժանվեց հավատացյալներին:

No comments:

Post a Comment