Sunday, July 3, 2016


ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԱԽԹԱԼԱՅՈՒՄ
«Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»

Մատթ. 17.5

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քիստոսի Պայծառակերպության տոնին Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Քրիստոսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երևման։ Թաբոր լեռանը, երբ Քրիստոս աղոթքի կանգնեց, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց. Նրա դեմքը փայլեց` ինչպես արեգակը և նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը», և Քրիստոս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով:
Լուսափայլ մի ամպ հովանի է դարձավ նրանց, եւ ամպից եկող ձայնը ազդարարեց. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները տոնը Այլակերպություն անունով են նշում, եւ միայն Հայ եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը։
Տոնին Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում իր անդրանիկ Պատարագը մատուցեց Ախթալայի և տարածաշրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։ Քահանա հայրը Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ հունիսի 15-ից ծառայության է կոչվել Գուգարաց թեմում և թեմակալ առաջնորդի կարգադրությամբ նշանակված է Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ։
Սուրբ Պատարագին ներկա էին համայնքապետ Հայկազ Խաչիկյանը, Ախթալա համայնքի բնակիչները և ուխտավորներ։ Տեր Հեթում քահանան իր քարոզում խոսեց Պայծառակերպության խորհրդի մասին և իր որդիական խոնարհումը բերեց ու շնորհակալությունը հայտնեց Սրբազան Հորը Սուրբ Պատարագին հանդիսապետելու համար:
Սրբազան Հայրը ներկայացրեց Տեր Հեթումին Ախթալայի համայնքի բնակիչներին, շնորհավորեց նրանց Պայծառակերպության տոնի և նոր հոգևոր հովիվ ունենալու կապակցությամբ, հորդորեց մշտապես սատար կանգնել և ամուր պահել հովիվ և համայնք կապը, քանզի քահանան համայնքի մեկ անդամն է և ամենից առաջ պատասխանատու հովիվ է։ Սրբազան Հայրը շնորհավորեց նաև Տեր Հեթումին՝ մաղթելով քաջ հովվին բնորոշ ուժ և կարողություն իր հոգևոր ծառայության դժվարին և քաղցր ճանապարհին։ Սրբազան Հայրը խոսելով նաև Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհրդի մասին, հիշեցրեց, որ այս տոնին Աստծո պատվերն է՝ լսել իր սիրելի Որդուն, ինչպես տոնի օրվա Ավետարանն է ներկայացնում. «Դա՛ է Իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք» Մատթ. 17.5։ Եվ թեպետ Ավետարանում այս խոսքն ուղղված էր առաքյալներին, սակայն այս խոսքը պատգամ է ողջ մարդկությանը բոլոր ժամանակներում, լսել Տիրոջ պատվիրանները, հետևել և ապրել այդ գործնականում։
Հավարտ Պատարագի՝ Սրբազան Հոր հետ Վանաձորից ժամանած ուխտավորները եղան նաև Հաղպատավանքում և Քարինջի նոր վերականգնված Սբ Կարապետ եկեղեցում։
Պայծառակերպությունը ժողովրդի շրջանում հայտնի նաև Վարդավառ անվամբ։ Այդ օրը, Պատարագից հետո, ընդունված ավանդույթի համաձայն, հաճախ նաև վանքերի և եկեղեցիների բակերում կազմակերպվում են ջրոցիներ, որ ուղեկցում են ազգային ուրախ երգ ու պարով: Պայծառակերպության տոնին հաջորդող օրը՝ մեռելոց է, որի խորհրդով հավատացյալները այցելելով իրենց ննջեցյալներին, նրանց են փոխանցում Քրիստոսի Պայծառակերպության բարի ավետիսը։

ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

No comments:

Post a Comment