Friday, June 17, 2016

ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԱՂՈԹԻ ՏՈՒՆ 
 
Հունիսի 17-ին Գուգարաց թեմի Տաշիրի տարածաշրջանի Լեռնահովիտ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերաօծման արարողությունը:
19-րդ դարի Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին իր սև քարից կառուցված լինելու համար նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, որ նշանակում է սև եկեղեցի, որը մինչև վերջերս խոնարհված վիճակում էր:

Եկեղեցու բարերարությունը ստանձնած, մեր ժողովրդին հայտնի ազգային բարերար, Սարգիս Կարապետյանի շնորհիվ եկեղեցին այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի տեսքը: Վերաօծման արարողությանը ներկա էին եկեղեցու բարերար Սարգիս Կարապետյանն ու թոռները, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների հոգևոր հովիվները, համայնքապետեր և բազմաթիվ ուխտավորներ` տարբեր շրջաններից:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Գրիգորյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար Սարգիս Կարապետյանին:
Սրբազանը ներկաներին հորդորեց սիրով և նախանձախնդրությամբ պահպանելու եկեղեցին` մշտապես իրենց աղոթքներով լցնելու այն, քանզի սրբավայրի վերականգնումը մեծ օրհնություն է յուրաքանչյուր համայնքի համար:
Հավարտ արարողության` նորաօծ եկեղեցու բակից ուխտավորները հոգևոր դասի առաջնորդությամբ բարձրացան Կարճադոշի Սուրբ Սարգիս սրբավայրը, ուր ևս աղոթքով ու ուխտով փառաբանեցին Բարձրյալին: Բարի մաղթանքներ հղեցին միմյանց ու ազգային բարերարին:
Վերջում` համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ:

No comments:

Post a Comment