Մի ուխտագնացության պատմություն,
կամ երբ սահմանապահ են վանքերը
Կեսօր էր, երբ հասանք սահմանամերձ Պրիվոլնոյե գյուղ: Գյուղ տանող ճանապարհին շատ էին ռուսական գյուղերը, մարդիկ, ովքեր հայ իրականության մեջ փորձում են իրենց ազգային դիմագիծը պահպանել: Գյուղերի անվանումները ևս ռուսաբույր էին: Առաջին անգամ էի այս տարածաշրջանում, և հետաքրքրությանս հետզհետե գումարվում էր տարօրինակ մտահոգություն: Մտքերս խառնվում էին իրար և հանգուցավորվում, երբ հայկականության կնիք ունեցող արժեքներն ակնհայտորեն «խլվում և կամ յուրացվում են»:
Հերթական մեր ուխտագնացություն ն էր դեպի սահմանամերձ, այս անգամ` Պրիվոլնոյե գյուղի դժվարանցանելի անտառների մեջ թաքնված Խուճապի վանք: Գուգարաց թեմի երիտասարդաց թևի մի քանի անդամներով, «Պրիվոլնոյե» սահմանապահ ուղեկալի պայմանագրային զինծառայողների, փոխգնդապետ Նվեր Պետրոսյանի ուղեկացությամբ և հոգևոր առաջնորդությամբ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, ուխտի ճանապարհին էինք դեպի Խուճապի վանք: Ճանապարհը, որ ձգվում էր ճահճոտ ու մացառոտ անտառներով, աշնանային տեսարանների գունագեղ համադրություններ ով, թվում էր՝ անվերջանալի, ինչպես և՝ հաճելի. այն ինձ հիշեցնում էր մեծանուն նկարիչների պարզ աշնանային կտավներ, բայց այս աշունը պարզ մեկի ձեռքի գործը չէր… Տեսարանները պարբերաբար մտովի տեղափոխում էին դարձյալ սահմանամերձ Ջիլիզա գյուղի Խորակերտի վանք, որտեղ եղել էինք նախորդ տարի և դարձյալ՝ Սրբազանի ու այդ շրջանի սահմանապահ ուղեկալի զինծառայողների հետ: Եթե Խուճապի վանքը մեր սահմաններում է և քիչ թե շատ, թեկուզ մեծ դժվարությամբ, հնարավոր է այստեղ ուխտի գալ, ապա Խորակերտի վանքի մասին խոսելն ավելորդ է: Հայ-վրացական սահմանի չգծագրված և չհստակեցված լինելու պատճառով Խորակերտի վանքը կարող է հայտնվել սահմանից անդին: Միգուցե մտքերս ինձ սխալ ուղղությամբ են տանում, սակայն խոսել Արևմտյան Հայաստանի և Վրաստանի տարածքում ունեցած եկեղեցիների պահպանման մասին, երբ քո սահմանամերձ գյուղը հսկող, «սահմանապահ եկեղեցին» քեզանից օտարվելու վտանգի տակ է, թվում է անհեթեթ:
Մտքերս ցրվեցին, երբ անտառային նեղ կածանը մեզ հասցրեց Խուճապի վանքի բակ: Լալվար լեռան այս հրաշք վանքը ևս իր ճարտարապետությամ բ եզակի ու չքնաղ է անգամ կիսավեր վիճակում` բնությանը ձուլված և խիստ հայկական: Հատուկ մասնագետի աչք պետք չէ ունենալ՝ տեսնելու համար այն բոլոր մանրամասները, հավելված կառույցները, որոնք քաղկեդոնիկ կառույց ստանալու նպատակով կառուցել և կամ կցել են 4-րդ դարի այս սրբավայրին: Միասնական աղոթքով և անհատապես ուխտ կապելով վանքում՝ յուրաքանչյուրս փափագ ունեինք այս վանքի կենդանության համար աղոթելու: Սրբազան Հոր հետ վանքի տարածքը ուսումնասիրելուց և միասնական աղոթքից ու շարականներ կատարելուց հետո ետ դարձանք դեպի ուղեկալ: Վանքի շուրջ մտորումների տպավորության տակ ետդարձի ճանապարհն ավելի կարճ թվաց:
Ուղեկալում մեզ սպասվում էր զինծառայողների ձեռքով պատրաստված տաք կերակուրը, որը նրանք սիրահոժար կիսեցին մեզ հետ` մտքեր փոխանակելով նաև իրենց առօրյայի և մտածումների մասին:
Ուղեկալի զինվորների հետ Սրբազան Հոր հանդիպումից, հորդոր-խրատական խոսքերից հետո, մենք դարձանք դեպի տուն` սահմանապահ այս վանքը ևս հայության մշտական ուխտատեղի տեսնելու համար հնչեցրած աղոթքի իրական հույսով: Ճանապարհին, երբ մտածում էի անցնող օրվա մտահոգություններ իս շուրջ հոդված շարադրելու մասին, մտքիս մեջ անընդհատ իր տան մեջ անտեր թվացող, լքված վանքի պատկերն էր, որը միակը չէ մեր սահմաններից ներս, իսկ ականջիս հնչում էին գյուղի բնակիչներից մեկի խոսքերը, ով ներկայացնում էր, թե ինչպես տեղի ռուս բնակիչները հաճախում և կիրակիներին էլ մասնակցում են ռուսական եկեղեցում կատարվող արարողություններ ին: Վերջում էլ հավելեց. «Մեզ մեր աղոթքն էլ հերիք ա, ամենքս մեր Աստվածն ունենք…»:
Վերանորոգել, վերակառուցել, վանքերն ու եկեղեցիները, որպեսզի նորից մնան դատարկ, ճարտարապետության գոհար-նմուշ միայն. պետք չէ, լավ է վանքի պատերը նորոգելուց առաջ, ներսից վերանորոգվել, վերածնվել, կապվել նորից այն ամենին, ինչ գոյություն է ունեցել մեզանից առաջ, այն ամենին, ինչ ստեղծել է մեզ, դառնալ կենդանի տաճար` Աստծո տաճարի մեջ:
No comments:
Post a Comment