Monday, September 2, 2013

ՍԵՊՈՒՀ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
<Եթե քո երկրի ներկա վիճակը քեզ չի գոհացնում,
Պատրաստիր կրթյալ և հայրենասեր սերունդ>:
Սեպուհ արք. Չուլջյան

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Այնպես, ինչպես շատ չեն աշխարհում այն ազգերը, որոնք իրենց ազգային տոնացույցում այսպիսի տոն ունեն, այդպես նաև թվով քիչ են այն ազգերը, որոնց համար գիտելիքն ու կրթությունը իրենց զարգացման ճանապարհին մշտապես եղել են ամենահզոր զենքերից մեկը, թերևս առավել հզոր, քան մնացյալ ամեն բան: Արդարև, վերլուծելով մեր հազարամյա պատմության դժվար ընթացքը` անհնար է չընդունել, որ մեր հարատևությունը պայմանավորվել է մեր ժողովրդի բարձր բանական հատկանիշներով ու կարողությամբ, և շատ հաճախ մեր թշնամիներին հաղթել ենք միասնական իմաստությամբ, գրչով ու ստեղծագործ արարումով:
Սիրելիներ, գաղտնիք չէ, որ մեր կրթական համակարգն այսօր դժվարությունների մեջ է, փնտրտուքի մեջ, սակայն վստահ եմ, որ ի վերջո կհաղթահարվեն դժվարությունները և մեկընդմիշտ կգերակայի ազգային դպրոցի գիտակցությունը: Քանզի ազգային ոգով ու գիտակցությամբ սերունդ կրթելու իր առաքելությունը չափազանց կարևոր է մեր ինքնության պահպանման գործում: Մենք բոլորս պետք է նախանձախնդիր, հոգատար և հոգածու վերաբերմունք ցուցաբերենք այս սուրբ օջախի հանդեպ, որ կոչվում է դպրության Տաճար:
Տոնական այս օրվա իմ շնորհավորանքի հասցեատերերն են մանկավարժները, դպրոցականները, ուսանողները և անշուշտ, մեր այն փոքրիկները, ովքեր առաջին անգամ են դպրության Տաճար մտնելու, առաջին անգամ են առնչվելու իրենց ուսուցչի ու դաստիարակի հետ, որոնք նրանց ձեռքը բռնած դեռ երկար տանելու են գիտության դժվարին արահետներով, նրանց առջև բացելու են իմաստության նոր հորիզոններ:
Առ Աստված աղոթքով օրհնում և մաղթում եմ եռանդ, մեծ նվիրում և
ջանասիրություն, աշխատասիրություն ու պայծառ միտք` մեր բոլոր սովորողներին:
Ամեն:
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի

No comments:

Post a Comment