Կիրակնօրյա ուսուցիչների վերապատրաստում
Գուգարաց թեմի քահանաները և ուսուցիչները մասնակցեցին «Կիրակնօրյա կրթօջախների մանկավարժների վերապատրաստման» դասընթացին:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպս. Չուլջյանի օրհնությամբ թեմի հոգևորականներն ու կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն ակտիվ կերպով մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի և «Վորդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կազմակերպած կիրակնօրյա կրթօջախների մանկավարժների վերապատրաստմանը, որն անցկացվեց Ծաղկաձորի «Գրողների միության տան»ը` հունիսի 23-29-ը: Յոթ օրերից բաղկացած վերապատրաստման դասընթացի 4-րդ օրվա օրակարգի վարումը, հյուրերի ընդունումն ու ներկայացումը վստահվել էր Գուգարաց թեմի ՔԴԿ-ի տնօրեն Տեր Վահան քհն. Ազարյանին, որն էլ պատվով կատարեց իր ուսերին դրված հաճելի պարտականությունը: Վերապատրաստմանը մասնակցում էին շուրջ 170 ուսուցիչ-ուսուցչուհիներ: Բանախոսություններով հանդես եկան հանրահայտ հոգևորականներ և մտավորականներ: Խմբային աշխատանքներում աչքի ընկավ Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քհն. Բաղալյանի ղեկավարած 3-րդ խումբը, որը ներկայացնում էր «Անպտուղ թզենի» առակի ուսուցման օրինակելի պլան և մեթոդիկա:Իր ելույթում Տեր Վրթանեսը մեջբերեց Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպս. Չուլջյանի հայտնի միտքը. «Ով չի բավարարվում ներկայով և ավելի պայծառ ապագա է կամենում, պետք է բարոյական սերունդ կրթի»: 5-րդ օրը կազմակերպվեց ուխտագնացություն Մաքենացվոց վանք, ուր ներկաներն ուխտեցին ամեն ինչ անել Եկեղեցու պայծառության և մատաղ սերնդի քրիստոնյա ու հայեցի դաստիարակման համար:
Ամեն երեկո ժամերգություն էր կատարվում Կեչառիսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում և խոսվում քարոզ: Գուգարաց թեմի կիրակնօրյա դպրոցների գործունեության մասին հանգամանալից զեկուցումով հանդես եկավ Գուգարաց թեմի ՔԴԿ-ի տնօրեն Տեր Վահան քհն. Ազարյանը: Ամփոփման ժամանակ ՔԴԿ-ի տնօրեն Տեր Վարդան վրդ. Նավասարդյանը բարձր գնահատեց Գուգարաց թեմի ՔԴԿ-ի գործունեությունն ու կիրակնօրյա ուսուցիչների ակտիվությունը:
Լիանա Պարոնիկյան
No comments:
Post a Comment