Monday, March 18, 2013


ՄԵԿՆԱՐԿՎԵՑ «ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՐՄԱՆՈՒՄ
ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳԻՐԸ


Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ մարտի 1-ից մեկնարկեց Գուգարաց թեմի «Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագիրը, որն իրականացվում է ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է նպաստել պատանիների ու երիտասարդների անհատականության դրսևորմանը և ինքնահաստատմանը հոգևոր-մշակութային արժեքների ճանաչման միջոցով, բացահայտել և զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Ծրագրի  շահառուները 6-ամսյա ժամանակահատվածում կստանան գիտելիքներ տիկնիկագործության և ազգային տիկնիկային թատրոնի, ինչպես նաև տիկնիկային բեմական արվեստի վերաբերյալ: Ծրագիրը կօգնի տիկնիկային բեմականացումների միջոցով վեր հանել հասարակության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև նպաստել պատանիների և երիտասարդների շրջանում հավասարության սկզբունք ձեւավորելուն, քրիստոնեական արժեքները` մարդասիրություն, գթասրտություն, թեմի հեռավոր շրջանների համայնքներում տարածելուն:
Ծրագրի ղեկավարն է Գուգարաց թեմի սոցիալական ծրագրերի պատասխանատու Աստղիկ Ասրյան-Ղալայանը, իսկ տիկնիկագործության և տիկնիկային բեմական արվեստի դասընթացները կվարի Սևակ Սարգսյանը: Շահառուների համար խորհրդատվություն-դասընթացներ կկազմակերպվի Տիկնիկագործների միության նախագահ Արմեն Սա‎‎ֆարյանի կողմից, ով իր պրո‎‎ֆեսիոնալ-մասնագիտական խորհուրդներով և աջակցությամբ կնպաստի Տիկնիկային թատրոնի կայացմանը, բեմականացումների համար սցենարների մշակմանը և բեմադրությանը: Ծրագրի ողջ ընթացքում բոլոր շահառուների համար թեմի քահանա հայրերի կողմից  կկազմակերպվեն հոևոր դասընթացեր:
Ծրագրի համար որպես հիմք է ծառայում թեմի Տիկնիկային թատրոնը, որը 2010 թ. հիմնադրվել է  Գուգարաց թեմի կողմից իրականացված «Աջակցություն կիրակնօրյա դպրոցներին» ծրագրի  շրջանակներում: «Բարոյական արժեքների սերմանում տիկնիկային թատրոնի միջոցով» ծրագրի արդյունքում Տիկնիկային թատրոնի աշխատանքներն առավել լուրջ հիմքերի վրա կդրվեն, այն կկայանա որպես խաղացանկային տիկնիկային թատրոն, որն իր մեջ անպայման կպարունակի ազգային տիկնիկային թատրոնի տարրեր և առանձնահատկություններ: Այն կդառնա նաև շրջիկ Տիկնիկային թատրոն և հանդես կգա ինչպես Վանաձոր քաղաքում` տարաբնույթ քաղաքային և եկեղեցական միջոցառումների ու հանդիսությունների ժամանակ, այնպես և թեմի գյուղական և քաղաքային համայնքներում: Գյուղական համայնքներում մշակույթը մատչելի դարձնելու նպատակով տիկնիկային թատրոնի շրջիկ խումբը շրջագայություններ կկազմակերպի Թումանյանի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների թվով 6 համայնքներում: Տարածաշրջաններում տիկնիկային բեմականացումները կուղեկցվեն թեմի ՔԴԿ-ի մանկական և պատանեկան երգչախմբերի երաժշտական կատարումներով, որը տոնական շունչ կհաղորդի ներկայացումներին:

Լիլիթ Յոլչյան

No comments:

Post a Comment