Monday, January 19, 2015

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ`

 ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս, հունվարի 19-ին` Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, նախաձեռնությամբ և հանդիսապետությամբ գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կատարվեց պոլսահայ անվանի մտավորական, հասարակական գործիչ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի նահատակության 8-րդ տարելիցին նվիրված հոգեհանգստյան կարգ








Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրանտ Դինքի հիշատակը:
Հավարտ հոգեհանգստյան կարգի` ներկա հոգևորականները, մտավորականները, ՎՊՀ դասախոսները և լրագրության բաժնի ուսանողները, հավատացյալները ծաղիկներ զետեղեցին Մեծ Եղեռնի հուշակոթողին:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

18.01.2015 Ֆոտոշարքը Լ.Յոլչյանի

Saturday, January 17, 2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մեծ էկրան կբարձրանա երկար սպասված «Ժամանակ» ֆիլմը
Հունվարի 20–ին մեծ էկրան կբարձրանա երկար սպասված «Ժամանակ» ֆիլմը:

Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում նկարահանված ֆիլմը, ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանի խոսքն է, որի պրեմիերան տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնում: Հետագայում նախատեսվում են ցուցադրություններ նաև «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը իր և թերություններով և առավելություններով տարբերվելու է հայ իրականության մեջ նկարահանված մյուս ֆիլմերից: Մենք նախ կարևորել ենք այն, որ աշխատանքում կարևորը նյութականը չի, այլ մարդկային աշխատասիրությունն ու միասնությունը:

Հիշեցնենք, որ ֆիլմի ցուցադրությունից ստացված որջ հասույթը տրամադրվելու է Խարբերդի մանկատանը:
Տոմսերի համար զանգահարել 010.542829, 093. 878208, 055 791019


Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի` հանդիսապետությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` կատարվից  հոգեհանգստի կարգ:






18.01.2015

Սիրելի բարեպաշտ հայորդիներ    

Վաղը` հունվարի 18-ին` Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի` հանդիսապետությամբ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` կկատարվի հոգեհանգստի կարգ` օրերս Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյան ընտանիքի համար:
Հոգեհանգստյան արարողություններ կկատարվեն նաև թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, երեկ` հունվարի15-ին, մասնակցեց Ավետիսյան ընտանիքի հուղարկավորությանը և Գուգարաց թեմի հավատացյալների անունից ցավակցություն հայտնեց գյումրեցիներին: Սրբազան Հայրը Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ Սուրբ Նշան եկեղեցում մասնակցեց նաև հոգեհանգստյան կարգին և հուղարկավորության ողջ արարողությանը:

Thursday, January 15, 2015

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Սիրելի՜ հայրենակիցներ,

Լրանում է ՙԱկօս՚>թերթի խմբագրապետ, պոլսահայ անվանի մտավորական, ազատ խոսքի ջատագով Հրանտ Դինքի նահատակության ութերորդ տարելիցը: 

Հունվարի 19-ին` ժամը 1300-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց Պուրակում` Մեծ Եղեռնի հուշակոթողի առջև, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն:

Հրանտ Դինքի հոգու խաղաղության համար հրավիրում ենք բոլորիդ միասնական աղոթքի:

Wednesday, January 14, 2015

Սբ Սարգսի տոնը Հայ եկեղեցին հայտարարել է սիրահարների տոն:
Տյառնընդառաջը պատկերող մանրանկար
Մեծ պահքի Ակլատիզ
Ներկած ձվերը Սբ Զատկի խորհրդանիշներից են:
Համբարձման տոնի գուշակության (վիճակի) Արուս
ՀՀ և ԼՂՀ տոներն ու հիշատակի օրերը պատմության կարևորագույն 
իրադարձությունների և համազգային հիշատակի օրերն են, ինչպես նաև որոշ ժողովրդական ավանդական, եկեղեցական ու մասնագիտական 
տոները, որոնք սահմանել են պետություններն ու Հայ եկեղեցին: 

Հայաստանի Հանրապետության պետական տոներ
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով (ընդունվել է 2001 թ-ի հուլիսին) Հայաստանում սահմանվել և նշվում են հետևյալ տոները.
Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են:
Բանակի օր. հունվարի 28, 1992 թ-ին այդ օրը հիմնադրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ոչ աշխատանքային օր է:
Սուրբ Վարդանանց տոն. բարի գործի և ազգային տուրքի տոն է, նշվում է Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը:
Կանանց տոն.  մարտի 8, միջազգային տոն է, նշվում է 1911 թ-ից՝ գերմանական և միջազգային բանվորական շարժման գործիչ Կլարա Ցետկինի առաջարկությամբ: Ոչ աշխատանքային օր է:
Մայրության և գեղեցկության տոն. ապրիլի 7, սահմանվել է Հայ եկեղեցու Ավետման տոնի հիման վրա: Խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի սուրբ հղիության ավետման օրը:
Աշխատանքի օր. մայիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1890 թ-ից՝ որպես աշխատավորների միջազգային համերաշխության օր: Ոչ աշխատանքային օր է:
Երկրապահի օր. մայիսի 8, սահմանվել է 2002 թ-ին՝ Շուշիի ազատագրման (1992 թ-ի մայիսի 8–9) առթիվ: 
Հաղթանակի և խաղաղության տոն. մայիսի 9, ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ ժողովրդի տարած հաղթանակի օրն է: ՀՀ-ում տոնվում է` ի նշանավորումն այդ հաղթանակում հայ ժողովրդի մասնակցության: Ոչ աշխատանքային օր է:
Հանրապետության տոն. մայիսի 28, 1918 թ-ի այդ օրը վերականգնվել է Հայոց անկախ պետականությունը, և հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ոչ աշխատանքային օր է:
Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հունիսի 1, միջազգային տոն է, նշվում է 1950 թ-ից: Տոնի խորհուրդը աշխարհի երեխաներին պատերազմի վտանգից զերծ պահելն է, նրանց առողջությունը պահպանելը, պատշաճ կրթություն ու դաստիարակություն ստանալու իրավունքն ապահովելը:
Սահմանադրության օր. հուլիսի 5, 1995 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է ՀՀ սահմանադրությունը: Ոչ աշխատանքային օր է:
Գիտելիքի, գրի և դպրության օր. սեպտեմբերի 1, նշվում է  նոր ուսումնական տարվա սկիզբը:
Անկախության տոն. սեպտեմբերի 21,  1991 թ-ի այդ օրը համաժողովրդական հանրաքվեով հռչակվել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Ոչ աշխատանքային օր է:
Ուսուցչի օր. նշվում է հոկտեմբերի 5-ին: Ոչ աշխատանքային օր է:
Թարգմանչաց տոն. նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը և հայ դպրության սկիզբը:

Հիշատակի օրեր
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24, նշվում է Օսմանյան կայսրության և քեմալական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915 թ-ի այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվել են շուրջ 800 հայ մտավորականներ, որոնց մեծ մասը դաժանաբար սպանվել է կամ զոհվել աքսորի ճանապարհին: Ոչ աշխատանքային օր է:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտեմբերի 7, նշվում է 1988 թ-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի շուրջ 25 հզ. զոհերի հիշատակը:

ՀՀ-ում նշվում են նաև մայրենի լեզվի, Երևանի, երգիծանքի և հումորի, մամուլի, ռադիոյի, թատրոնի, թանգարանների, 1988 թ-ին Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայ բնակչության իրավունքների պաշտպանության, բռնադատվածների հիշատակի և հիշարժան այլ օրեր:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տոներ 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ԼՂՀ օրենքով (ընդունվել է 2009 թ-ի հուլիսին) ԼՂՀ-ում սահմանվել և նշվում են հետևյալ տոները.
Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը: Ոչ աշխատանքային օրեր են:
Արցախի վերածննդի օր. փետրվարի 20, 1988 թ-ի այդ օրը սկսվել են Լեռնային Ղարաբաղի անկախացման ցույցերը:
Մայրենի լեզվի օր. փետրվարի 21:
Հայրենիքի պաշտպանի օր. փետրվարի 23:
Կանանց միջազգային օր. մարտի 8: Ոչ աշխատանքային օր է:
Մայրության և գեղեցկութան տոն. ապրիլի 7: Ոչ աշխատանքային օր է:
Աշխատավորների համերաշխության միջազգային օր. մայիսի 1: Ոչ աշխատանքային օր է:
Հաղթանակի տոն. ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օր. մայիսի 9: Ոչ աշխատանքային օր է:
Հայաստանի առաջին հանրապետության օր. մայիսի 28: Ոչ աշխատանքային օր է:
Երեխաների պաշտպանության միջազգային օր. հունիսի 1:
Գիտելիքի և դպրության օր. սեպտեմբերի 1:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր. սեպտեմբերի 2: Ոչ աշխատանքային օր է:
Թարգմանչաց տոն. նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օր. դեկտեմբերի 10: Ոչ աշխատանքային օր է:

Հիշատակի օրեր
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ապրիլի 24: Ոչ աշխատանքային օր է:
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր. հունիսի 29:
Երկրաշարժի զոհերի հիշատակի օր. դեկտեմբերի 7:

Հայկական ժողովրդական և եկեղեցական տոներ
Ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներն են, որոնք սկզբնավորվել են հիմնականում նախաքրիստոնեական շրջանում և հետագայում հարմարեցվել քրիստոնեական տոնացույցին՝ պահպանելով հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ և արարողակարգեր: 
Եկեղեցական տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, Սբ Խաչին, սրբերին, ազգային նշանավոր դեմքերին ու իրադարձություններին:
Ամանորը՝ Նոր տարին, ժամանակագրական առումով առաջին ժողովրդական տոնն է: Մինչև XIX դարը հայերը տարվա սկիզբը համարել են Նավասարդը, որը շարժական տոն էր և նշվել է օգոստոսից մինչև հոկտեմբեր–նոյեմբեր ամիսները: 
XIX դարում, ըստ Սիմեոն Ա Երևանցու տոնացույցի, Նավասարդը փոխարինվել է Ամանոր-Նոր տարով, որն էլ դարձել է տարվա սկիզբ, ամրագրվել հունվարի 1-ով՝ իբրև անշարժ տոն:
 Սուրբ Ծնունդ և Աստվածհայտնություն, Ջրօրհնեք և Մկրտություն անշարժ տոնը հունվարի 6-ին է. խորհրդանշում է Հիսուսի ծնունդն ու մկրտությունը: Հայ եկեղեցու 5 տաղավար տոներից առաջինն է: Հորդանան գետում Հիսուսի մկրտության խորհրդով և նախնյաց ծեսի (հնում այդ օրը մարդիկ որևէ իր են գցել հոսող ջրի մեջ՝ միաժամանակ կարևոր մի բան մտքներում պահելով, որովհետև ջուրը մաքրում է հողն ու մարդկանց) նմանությամբ Հայ եկեղեցում հունվարի 6-ին՝ Սբ Ծննդյան Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեքի արարողություն, որի ժամանակ Տերունական Խաչն ընկղմում են ջրի մեջ:
Սուրբ Սարգիսը երիտասարդների ու սիրահարների խորհրդավոր երազների կատարման տոնն է, նրանց ճակատագրի նախագուշակը: Կատարվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը:
Տյառնընդառաջ/Տրընդեզն անշարժ տոն է, կատարվում է փետրվարի 14-ին (նշվում է փետրվարի 13-ի երեկոյից): Երբ 40-օրական Հիսուսին ծնողները տարել են տաճար, նրանց ընդառաջ է եկել Սիմեոն ծերունին: Այստեղից էլ տոնի անունը՝ Տիրոջն ընդառաջ՝ Տյառնընդառաջ գնալ: 
Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է. կրակը խափանում է չարը: Խարույկի վրայով ցատկում են երիտասարդները, նորապսակները, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, և նորահարսները մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:
Բարեկենդանը Մեծ պահքին նախորդող երկշաբաթյա տոնախմբությունների՝ ժողովրդական պարերի, թատերախաղերի, հարսանիքների ու խնջույքների ժամանակահատված է: Ավետում է բնության զարթոնքի սկիզբը: Առանձնանում են հատկապես երկրորդ շաբաթվա հինգշաբթին և վերջին՝ Բուն բարեկենդանի օրերը: Հինգշաբթին հանգուցյալների հիշատակության հատուկ օր է, Հայ եկեղեցու տոնացույցում հիշատակվում է որպես Վարդանանց նահատակության օր: 
Մեծ պահք/Մեծ պասն սկսվում է Բուն բարեկենդանի հաջորդ օրվանից: Այն 7- շաբաթյա ինքնաքննության, մաքրության ու ժուժկալության ժամանակաշրջան է, որի ընթացքում սովորաբար ուրախ հանդիսություններ, նշանադրություն և հարսանիք չեն անում: Ընդունված է հատուկ սահմանափակումներով՝ միայն բուսական կերակրատեսակներով սնվելու կարգ:
Ծաղկազարդ/Ծառզարդարը Մեծ պահքի 6-րդ կիրակին է, ազդարարում է բնության զարթոնքը: Գլխավոր արարողությունն առաջին ծաղկող ծառի՝ ուռենու և նորածիլ կանաչի օրհնությունն է: Տոնի խորհուրդը Հիսուս Քրիստոսի հանդիսավոր մուտքն է Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորել է մեծ խանդավառությամբ՝ ճանապարհին արմավենու և ձիթենու կանաչ ճյուղեր փռելով: Հայ եկեղեցին Ծառզարդարի տոնը հռչակել է մանուկների օրհնության օր: 
Մեծ պահքի 7-րդ՝ Ավագ շաբաթը Հիսուսի տնօրինական վերջին խորհուրդների հայտնության շաբաթն է: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր խորհուրդը: Ավագ շաբաթ՝ երեկոյան, եկեղեցում կատարվում է Ճրագալույցը, Սբ Պատարագի ժամանակ ավետվում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
Սուրբ Զատիկը՝ Հայ եկեղեցու տաղավար տոներից երկրորդը, շարժական տոն է: Նշվում է գարնանային գիշերահավասարից հետո՝ լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը՝ մարտի 21-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում՝ 35 օրվա շարժականությամբ: Հայոց շարժական տոների օրերը պայմանավորվում են Զատկի տոնով: 
«Զատիկ» նշանակում է զատվել, ազատվել չարչարանքից: Նախապես եղել է հեթանոսական տոն: Քրիստոնեության շրջանում Զատիկը միավորվել է Քրիստոսի հրաշափառ Հարության հետ, որը բովանդակում է անընկճելի կյանքի խորհուրդ, իսկ ձուն, որից կյանք են առնում շատ ու շատ շնչավոր էակներ, այդ տոնի խորհուրդն է: Ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է Քրիստոսի արյան հեղումը Տիեզերքի փրկության համար: Սուրբ Զատկի, ինչպես և մնացած բոլոր տաղավար տոների հաջորդ օրը հանգուցյալների հիշատակի օր է՝ մեռելոց:
Համբարձումը Հարությունից հետո 40-րդ օրը Հիսուս Քրիստոսի երկինք համաբարձվելու և Հոր աջ կողմը նստելու հիշատակության օրն է: Կոչվում է նաև Վիճակի կամ Կաթնապուրի օր, Ծաղկամոր կիրակի: Այն երիտասարդների ճակատագրերը գուշակելու տոնն է: 
Վարդավառը Հայ եկեղեցու երրորդ տաղավար տոնն է. նշվում է Սբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ըստ քրիստոնեական ավանդույթի՝ Վարդավառը համընկնում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին: Ժողովրդական տոնը շատ ավելի հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Մարդիկ զարդարվում են վարդերով և այլ ծաղիկներով, միմյանց վրա ջուր են ցողում, սպիտակ աղավնիներ են թռցնում երկինք՝ պապակ հողի համար անձրև խնդրելով: Օրվա ծիսական պտուղը խնձորն է, որը եկեղեցում օրհնվում է և այդ օրվանից թույլատրվում է ուտել: 
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Մարիամ Աստվածածնի երկինք փոխադրվելու հիշատակի օրն է: Հայ եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է: Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի են բերում առաջին անգամ քաղած խաղողը, որպեսզի օրհնվի (այստեղից էլ` տոնի ժողովրդական անունը՝ Խաղողօրհնեք), միաժամանակ դա նվիրաբերություն է Աստվածածնին: Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը: 
Խաչվերաց տոնը (կոչվում է նաև Սուրբ Խաչ, Սըբխեչ, Ուլոց) Հայ եկեղեցու վերջին՝ հինգերորդ տաղավար տոնն է. նշվում է սեպտեմբերի 14-ի մերձակա կիրակի օրը: Մարդիկ այցելում են մերձավորների շիրիմներին: Այդ օրն ընդունված է ուլ խորովելը: Քրիստոնեության շրջանում տոնը կապվել է Սբ Խաչի գերությունից դարձի (վերադարձի) պատմության հետ՝ ստանալով նոր խորհուրդ:
Բոլոր ժողովրդական տոներն ուղեկցվել են երգ-երաժշտությամբ, արտասանություններով, որոնք մշակել ու ժողովրդին են ներկայացրել բանաստեղծները, կոմպոզիտորները, գեղանկարիչները և ուրիշներ: Լավագույն օրինակ է Համբարձման տոնի նկարագրությունը Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում:
http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1396#to_top
 






Նյութի աղբյուրը ՝
http://newsbook.am/?p=47627%2Fkatarvacy+sahmrkecucich+evory+naev+zgonutyan+e+kochum+sepuh+arq+chuljyan&l=am
Կատարվածը սահմռկեցուցիչ է, որը նաև զգոնության է կոչում. Սեպուհ արք Չուլջյան Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այսօր ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք Չուլջյանը Newsbook-ի հետ զրույցում խստորեն դատապարտեց Գյումրիում կատարված ոճրագործությունը: «Ես իմ կյանքի մի զգալի մասն անց եմ կացրել Գյումրիում, կիսով չափ գյումրեցի եմ: Ես գիտեմ, թե գյումրեցին ինչպիսի հարգանք է միշտ տածել ռուս զինվորի հանդեպ, ինչպես է մեծարել ու գնահատել: Գիտեմ նաև, որ անգամ երկրաշարժից հետո գյումրեցիները՝ իրանք տնանկ ու անօգնական, կանչում էին ռուս զինվորներին, կերակրում, հյուրասիրում: Ուստի կատարվածը չի տեղավորվում բանականության սահմանների մեջ, կատարվածը ոչ միայն դեմ է քրիստոնեական պատկերացումներին, այլև ոճիր է՝ գործված առհասարակ մարդկության դեմ: Ես չեմ ուզում հանցագործին դիտել որևէ ազգի ներկայացուցիչ: Սա մարդկային տականքն է, որն իր համար «բարենպաստ» պայմաններ է գտել, ելել է անզեն ու քնած մարդկանց դեմ: Newsbook.am
Դատապարտում եմ կատարվածը, աղոթում զոհվածներիկ հոգիների համար: Սակայն, միաժամանակ, բոլորին զգոնության եմ կոչում: Չի բացառվում, որ այս ամենը գործված լինի մի նպատակով. խաթարել հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը, թշնամացնել երկու ժողովրդի: Հիմա, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել և առավել սերտացրել իր կապերը Ռուսաստանի հետ, ոմանք երևի հանգիստ չեն առնում, չեն կամենում, որպեսզի լինի խաղաղ համագործակցություն»: Մեր այն հարցին, թե՞ արդյոք Սրբազան հայրը կատարվածի մեջ ադրբեջանական կամ թուրքական հետք չի տեսնում, Սեպուհ եպս Չուլջյանը պատասխանեց. «Ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ հնարավոր է: Մենք շրջապատված ենք թշնամիներով, մենք ապրում ենք վտանգների մեջ: Հետևաբար ամեն ինչ հնարավոր է: Միայն հարկավոր է սառը դատողականությամբ մոտենալ հարցերին, թույլ չտալ բախումներ: Պետք է հավատալ, որ երբեք Արդար դատաստանը չի ուշանում: Ես գյումրեցիներին ուժ և կորով եմ մաղթում: Վստահ եմ, որ այս փորձությունն էլ նրանք կհաղթահարեն»,- եզրափակեց թեմի առաջնորդը: Լևոն Մութաֆյան  Դիտվել է 328 անգամ Նյութի աղբյուրը `