ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ
ԹԵՄԻ
«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23
Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և հոգեզվարթ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:
Արդարև, Հայաստանի և աշխարհի համար մարտահրավերներով բազում այս ժամանակաշրջանում առավելապես կարիքն ունենք Սուրբ Ծննդյան կենսառաք լույսի և բարի լուրի:
Աղոթքով, ապաշխարելով ու զղջալով այն բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ, միմյանց և բնության դեմ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով և հավատքով նորոգվենք ու վերափոխվենք՝ հեռացնելով մեզանից քինախնդրությունը, չարախոսությունն ու ատելությունը:
Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:
Սուրբ Ծննդյան տոնի այս նվիրական օրը գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված՝ Հայաստանի ու Արցախ աշխարհի խաղաղության, հայրենյաց սահմանների անսասանության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար:
Սիրելի՛ հավատացյալներ, կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհները մխիթարություն ու լուսավորություն բերեն, և որ ձեր աղոթքներով, գործերով ու նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի հզորացման, քրիստոնեական հավատքի զորացման սուրբ գործին:
Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. Ամեն:
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝
ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
No comments:
Post a Comment