ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ ԳԱՐԳԱՌԻ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Տեր Մերուժանի ձեռքի իկոնան Արտակ Զաքյանի ձեռքի աշխատանքն է, որը թեմակալ առաջնորդը նվիրեց բարերարին |
Ապրիլի 19-ին Գուգարաց թեմի Գարգառ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու վերաօծման արարողությունը:
Գյուղի միակ եկեղեցին կառուցվել է 1907 թվականին և մինչ վերանորոգվելը գտնվում էր վթարային վիճակում:
Եկեղեցու վերանորոգման համար անհրաժեշտ գումարի հանգանակությունը 2014 թվականին կազմակերպել են Գարգառ գյուղում հյուրընկալված «Լույս» կրթական հիմնադրամի ուսանողները` ի դեմս հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանի: Տիկին Ժակլինը հանգանակված գումարին հավելել է նաև իր հարսանեկան արարողությանը ստացած դրամային նվերները:
Հանգանակությանն իրենց ներդրումն են ունեցել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, Գարգառի բնակիչ Հրաչիկ Մովսիսյանը, Գարգառի պարի խմբակը` իր կազմակերպած բարեգործական համերգով և համայնքապետարանը: Հանգանակության շնորհիվ և համայնքապետ Կարեն Զալինյանի աջակցությամբ` եկեղեցին այսօր վերականգնվել և ստացել է իր երբեմնի շքեղ տեսքը:
Վերաօծման արարողությանը ներկա էին Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը, «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանը, Ստեփանավանի տարածաշրջանների հոգևոր հովիվները, համայնքապետեր և բազմաթիվ ուխտավորներ` տարբեր շրջաններից:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնության գրի և սրբապատկերի նվիրատվությամբ գնահատանքի արժանացրեց բարերար Ժակլին Կարաասլանյանին և գյուղապետ Կարեն Զալինյանին:
Սրբազանը ներկաներին հորդորեց ամենայն սիրով այցելել եկեղեցի` մշտապես իրենց աղոթքներով լցնել և աչքի լույսի պես պահել այն:
Սուրբ Պատարագի ավարտին` Գարգառ և հարևան Պուշկինո գյուղի դպրոցների աշակերտների և Վորլդ Վիժն կազմակերպության կողմից եկեղեցու բակում կազմակերպվեց Զատկական միջոցառում: Վերջում` համայնքի բնակիչներն ու ուխտավորները ճաշակեցին ուխտի մատաղ:
No comments:
Post a Comment