Կոմիտասը չի խելագարվել. Պնդում է հոգեբանը
Այսօր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կայացավ ամերիկահայ հոգեբան Մելինե Գարագաշյանի «Կոմիտաս. Մեծ եղեռնի զոհը» գրքի շնորհանդեսը:
Այն հեղինակի՝ Կոմիտասին զուտ հոգեբանական տեսանկյունից ներկայացնող 2-րդ գիրքն է: Առաջինը՝ «Կոմիտաս. հոգեբանական վերլուծում մը» գիրքը, լույս է տեսել 2011 թ-ին: Այդ գրքում Մելինե Գարագաշյանը, իր հավաքած նյութերն ու փաստերը համադրելով, փորձել է ապացուցել, որ Կոմիտաս վարդապետը ոչ թե խելագարվել է, այլ եղել է հոգեցնցում, որը կհաղթահարվեր, եթե նա վերադառնար իր բնական միջավայր: Այս գիրքը դրա շարունակությունն է. փաստերի և ուսումնասիրված նյութերի քանակը մեծացել է:
«Կոմիտասը չի խելագարվել, մինչև կյանքի վերջ էլ առողջ է եղել: Դուք դա կհասկանաք, եթե կարդաք նրան այցելած մարդկանց հիշողությունները,- ասում է տիկին Գարագաշյանը և հավելում,- Կոմիտաս ուսումնասիրելը շատ դժվար է, քանի որ նյութերը սփռված են աշխարհով մեկ, ուղղագրությունները տարբեր են: Այդ պատճառով էլ որոշ մեջբերումներ գրքում տեղադրել եմ հենց բնագրով»:
Կոմիտասի ուսումնասիրությամբ ամերիկահայ հոգեբանը զբաղվում է շատ երկար տարիներ: Թեմայով հետաքրքրվել նրան ստիպել են 2 լուսանկարներ, որոնք մի պայուսակում էր պահում իր սկեսուրը: «Սիրելի քույրիկիս` Մարիկին: Կոմիտաս Վարդապետ, 1909» մակագրությամբ լուսանկարը նրան ուղարկել էր հենց Կոմիտասը՝ իր հորեղբոր որդին ու կաթնեղբայրը:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջինում պատմվում է Կոմիտասի մասին մինչև 1915 թ-ը՝ մանկություն, ընտանիք, կրթություն և այլն, իսկ երկրորդում նկարագրված են 1915 թ-ից մինչև կյանքի վերջ ընկած ժամանակահատվածը: Այն տպագրվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այժմ պատրաստ են նաև գրքի ռուսերեն և անգլերեն տարբերակները, մնում է միայն միջոցներ հայթայթել դրանք տպագրելու համար:
«Մեզ գոնե ծանոթ չէ հոգեբանական այնպիսի լուրջ աշխատություն, որը հավասարազոր կլինի Մելինե Գարագաշյանի կատարած աշխատանքին: Երկու հոգեբուժական աշխատություններ կան, բայց սա զուտ հոգեբանական է: Այս իմաստով այն շատ լավ նվեր է մեր ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են կլինիկական և զարգացման հոգեբանություններ»,- կարծում է Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ Էլեոնորա Զաքարյանը:
Նշենք, որ տիկին Գարագաշյանն առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թ-ին, երբ հոգեբանների խմբի հետ եկել էր Գյումրու երկրաշարժից տուժած երեխաների հետ աշխատելու համար: Նա որպես հոգեբան բավականին երկար ժամանակ աշխատել է նաև Արցախյան պատերազմի գոտու երեխաների հետ:
«Մեր բարեկամությունը տիկին Գարագաշյանի հետ երկար տարիների պատմություն ունի: Նա մշտապես գալիս է, դասախոսություններ է կարդում, ելույթներ է ունենում,- նշեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանն ու հավելեց,- նրա շնորհիվ մի գեղեցիկ ճյուղ էլ ավելացավ հոգեբանական վերլուծության մեջ: Գրքում կա և՛ գիտականը, որը ներկայացնում է փաստական նյութը, և՛ բանաստեղծականը, որը ներկայացնում է Կոմիտասին որպես արվեստի մեծագույն դեմքերից մեկը: Կոմիտասի մասին գրելու համար մեծ համարձակություն է պետք»:
Տիկին Գարագաշյանն էլ հատկապես երիտասարդ մասնագետներին հորդորում է Կոմիտասի միջոցով ուսումնասիրել Ցեղասպանությունն ու անձի հոգեբանությունը և գիտական աշխատանքներ գրել հենց այս թեմաներով:
Աղբյուրը` ysu.am
No comments:
Post a Comment