Sunday, August 17, 2014

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ
ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

«Ուրախացիր բերկրեալդ կանանցից,քանզի կանչում է քեզ մեր Արարիչըքո Միածին Որդին»


Սուրբ Մարիամ Աստվածածնի ննջման և մարմնով երկինք փոխադրման հիշատակման տոնը Հայ Եկեղեցու չորրորդ տաղավար տոնն է, որ հայտնի է «Վերափոխումն կամ ննջումն Սուրբ Կույսի» անվանումով: Տոնին, որ այս տարի նշվեց օգոստոսի 17-ին, Սուրբ Պատարագ մատուցվեց Գուգարաց թեմի բոլոր գործող եկեղեցիներում, իսկ ուխտավորները հիմնականում աղոթք բարձրացրեցին Սուրբ Աստվածածին անունը կրող եկեղեցիներում: Ուխտի օր էր նաև Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Սուրբ Աստվածածին եկեղեցու հգոևոր սպասավոր Տեր Ստեփանոս քահանա Մարգարյանի:
Սրբազան Հայրն իր օրհնության և խրատի խոսքով դարձավ դեպի հավատացյալ ժողովուրդը։
Պետք է իմանալ ամենօրհնյալ Սուրբ Կույսի ննջման պատմությունը, որ մեզ ավանդել է Սուրբ Հովհաննես Ավետարանիչը: Քրիստոսի Համբարձումից հետո, շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով հաճախ այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել: Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն (ով տվել էր նաև Կույսի հղության ավետիսը) ու ավետել Տիրամոր` երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Երբ առաքյալները շրջապատել են Տիրամոր մահիճը, աննկարագրելի լույս է երևացել: Սենյակի վերևում հայտնվել է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդել է հոգին: Սուրբ Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին անվանում է ննջում և ոչ թե մահ բառով` հասկանալի դարձնել ու նրա երկինք փոխադրված լինելը: Առաքյալները, որպես մխիթարություն Բարդուղիմեոս աշակերտի` ով չհասցրեց տեսնել Սուրբ Կույսի ննջումն ու թաղումը, նրան են հանձնում տախտակի վրա դաջված Աստվածամոր նկարը, որն էլ առաքյալը բերում է իր հետ Հայք:



Աստվածածնի Վերափոխման տոնին դիմում ենք սուրբ Կույսի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը` Հիսուս Քրիստոս:
Հավարտ Սուրբ Պատարագի` Սրբազան Հոր ձեռամբ կատարվեց Խաղողօրհնեքի արարաղություն: Տարվա խաչքավորների նվիրաբերությամբ թեմի բոլոր եկեղեցիներում հազարավոր հավատացյալների բաժանվեցին օրվա խորհրդի մաս կազմող օրհնված խաղողի ողկույզներ: Համաձայն Հին Ուխտի` տարվա առաջին բերքը` ցորեն, գարի, խաղող, թուզ, ձիթապտուղ և այլն, տարվում էր տաճար և ընծայվում Աստծուն: Հայ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք ընտրել է խաղողը, որը առաջինը Նոյ նահապետը Արարատյան դաշտավայրում աճեցնելով այն համարում է Արարատյան աշխարհի զարդ և որը կոչում ենք «պտղոց արքա»: Խաղողի ընտրությունը կապված է նաև Հիսուսի` վերջին ընթրիքի ժամանակ իր մասին ասված «Ես եմ ճշմարիտ որթատունկը» խոսքով, որը նաև մեր Տերը տվեց աշակերտներին` որպես Իր կենարար Արյան խորհրդանիշ: Այսպիսով Խաղողօրհնեքը Աստծուց մարդուն պարգևված բերքի` բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:
Խաղողօրհնեքի արարաողություն կատարվեց նաև թեմապատկան «Ծիծեռնակ» ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում, ճամբարականները և ստացան օրհնություն և ճաշակեցին օրհնված բերքը: Իսկ սուրբ Աստվածածին եկեղեցում հավատավոր ժողովուրդը նաև ճաշակեց խաչքավոր Արմեն Մխոյանի կողմից մատուցված ավանդական Սուրբ Մատաղը:



Այնուհետ տեր Վահան քհն. Ազարյանը եղավ 3բն/կ ճաշարանի մուտքի մոտ, որտեղ էլ փոխգնդապետ Արտյոմ Մաթևոսյանի և հրամանատարական կազմի ներկայությամբ  օրհնեց խաղողը և բաժանվեց ներկաներին:

No comments:

Post a Comment