Tuesday, September 18, 2012

Սուրբ Խաչի տոնակատարություններ Գուգարաց թեմում
Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից Խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, այս տարի այն նշվեց սեպտեմբերի 16-ին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (բարձրացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Ինչպես բոլոր տաղավար տոներին, Սբ Խաչի տոնին ևս, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց  Սուրբ և Անմահ Պատարագ:
Տոնը իր լրմանը հասնում է  երեկոյան ժամերգությանը, քանզի տեղի է ունենում Սբ խաչի բարձրացման հանդիսավոր արարողությանը և կատարվում է անդաստանի կարգը: Շատ եկեղեցիներում այս արարողությանը նախորդում է  Խաչերթը:
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի Սբ Գր. Նարեկացի եկեղեցու <<Նարեկացի>> եկեղեցասեր երիտասարդական միությունը, համաձայն ձևավորված ավանդույթի, կազմակերպել էր Խաչերթ` Վանաձորի Հայքի հրապարակից դեպի առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցի:  Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Խաչերթին իրենց մասնակցությունն ունեցան քաղաքի գրեթե բոլոր դպրոցների աշակերտները, ԲՈՒՀ-երի ուսանողները,  ՀԿ-ների ակտիվիստները, քաղաքի բարեպաշտ բնակիչները:
Խաչերթի գաղափարը և նպատակը ազգի հոգևոր անվտանգության խնդիրն է, որի լուծումը Խաչերթի մասնակիցները տեսնում էին միմիայն Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու շուրջ համախմբմամբ:  
Խաչքերթի ավարտին երիտասարդները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը և խաչի թափորի կազմմանը, որով էլ կատարվեց անդաստանի կարգ եկեղեցու շուրջ:

Խաչվերացի տոնով և  խաչի բարձրացման օրով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց էր: Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Պատարագ, կատարվեց  հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:









No comments:

Post a Comment