Մանկանց կենսախինդ աշխարհը
Ամառային արձակուրդների ժամանակահատվածում պատանիների հանգստի ճիշտ կազմակերպման և այս ընթացքում դաստիարակության իրականացման առումով լավագույն դպրոց են հանդիսանում ճամբարները, որտեղ պատանիները սովորում են խմբակային ընկերավարություն, իսկ առանձին դեպքերում նաև ստանում հոգևոր և պատմական գիտելիքներ: Պատմական դեպքերի դասավանդման, հայ Կաթողիկոսների և նշանավոր զորավարների կյանքի և նրանց իմաստուն խոսքերի ուսուցման միջոցով երեխայի մեջ ազգային արժեքների ձևավորմանը մշտապես ուշադրություն են դարձնում Գուգարաց թեմի <Ծիծեռնակ> ճամբարի մանկավարժները:
2012թ-ին բոլորեց ճամբարի գործուներության 10-րդ տարին: Այս տարի Հունիսի 25-ից մինչև օգոստոսի 27-ը 7 հերթափոխով Հայաստանի 5 շրջաններից մինչև 1000 երեխա իր հանգիստը կանցկացնի գեղատեսիլ ու հարմարավետ <Ծիծեռնակ> ճամբարում` <World Vision> բարեգործական կազմակերպության, անհատ բարերարների, Ալավերդու քաղաքապետարանի և Գուգարաց թեմի միջոցներով, և օրհնությամբ առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:
Նշենք, որ ճամբարը ավելի հաճախ հյուրընկալում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, մասնավորապես ծնողազուրկ կամ հաշմանդամություն ունեցող:
<Ծիծեռնակ> ճամբարն առանցքային և հիմնավորապես տարբերվում է ազգային-քրիստոնեական արժեքների հանդեպ սկզբունքային դիրքորոշմամբ: Ծրագրի մաս են կազմում երեխաների միջոցով ծանոթացումը տարբեր մարզերի մշակութային սովորություններին ու տեղական բարբառներին, ապահովվում է ընկերական կարգապահությունը, կենցաղավարությունը, գործանական հայրենասիրությունը և Սբ. Պատարագներին մասնակցությունը:
Հաճախ պատահում է, որ մինչ <Ծիծեռնակ> ճամբարում հյուրընկալվելը պատանիների մի ստվար հատվածը Սբ. Պատարագ չի տեսել և չի մասնակցել, միչդեռ այստեղ յուրաքանչյուր հերթափոխ հաղորդակից է դառնում ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող պատարագներին: Ուխտագնացություններ են կազմակերպվում Վանաձորի եկեղեցիներ:
Հատկապես ընդգծելի է նաև ճամբարականների մասնակցությունը Տողանին` երեխաների մեջ որպես զգաստության, պատասխանատվության և հաշվետվության գիտակցության ձևավորման աշխարհիկ ծիսաարարողակարգի:
Ճամբարային առօրյան հագեցած է, և բացի օրակարգային պարտադիր ուսուցողական ու դաստիարակչական մասից, այստեղ անցկացվում են խաղեր ու մրցույթներ, շարային ու համաճամբարային միջոցառումներ, որոնք նույնպես յուրովի ամփոփվում են հերթափոխի վերջին` հանդիսավոր փակման օրերին: Նշվում են ճամաբարականների` հերթափոխի ընթացքին համընկած ծննդյան օրերը և պարտադիր նվերներ են հանձնվում հոբելյարներին:
Ամեն հերթափոխ ամփոփվում է ավանդական դարձած ճամբարային հրաժեշտի խարույկով, որն ուղեկցվում է շուրջպարերով, բարձրացնում է պատանիների մեջ համախմբվածության և միասնականության ոգին: Գուգարաց թեմի <Վարդանաց հետնորդներ> նվագախումբն էլ հնչեցնում է Հայրենասիրական երգեր և ավելի մտերմացնում պատանի հայորդիներին: Հաճախակի մասնակցում են նաև Վանաձորի եկեղեցիների սպասավորները և դպրաց դասերը, նաև` Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը: