ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ ՎԵՐԱՕԾՎԵՑ
ՔԱՐԻՆՋԻ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻՆ
Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, եղել է սիրված և միակ սրբավայրը Քարինջ համայնքում: Եկեղեցին իր ճարտարապետական հորինվածքով միանավ բազիլիկ է: Տեղացիները պատմում են, որ խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես դարբնոց և ժամանակի ընթացքում ավերվել է։
Այժմ եկեղեցին արդեն պատրաստ է ընդունելու Քարինջ համայնքի բարեպաշտ հավատացյալներին՝ Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: Եկեղեցու վերակառուցման բարերարությունը ստանձնել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրները:
Վերաօծվեցին եկեղեցու Սուրբ Սեղանը, խորանն ու մկրտության ավազանը:


Եկեղեցու նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, ովքեր իրենց ներդրումը բերեցին եկեղեցու վերանորոգման աշխատանքներին, օրհնության գիր և նվերներ հանձնեց բարերարներին:
Վերաօծման արարողությանը ներկա էին Գուգարաց թեմի քահանա հայրեր, եկեղեցու վերանորոգման նվիրատուները, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, համայնքի բարեպաշտ հայորդիներ և ուխտավորներ տարբեր համայնքներից:
Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցու բարերար Մաղաքյան եղբայրների կողմից ուխտավորներին մատուցվեց ուխտի մատաղ:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ
15 օգոստոս 2018թ.
No comments:
Post a Comment