ՎԵՐԱՕԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ`
ԿՈՒՐԹԱՆԻ
ՊԱՏՄԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ
ԵԿԵՂԵՑԻ
Հուլիսի 13-ին, ձեռամբ Գուգարաց
թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի,
վերաօծվեց Կուրթան համայնքի պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին:
5-6-րդ դարերին
թվագրվող այս գեղեցիկ եկեղեցին դարձավ միակ գործող սրբավայրը Կուրթան համայնքում: Տեղացիները
պատմում են, որ խորհրդային տարիներին` 1929-1930 թթ.,անաստվածները
եկեղեցին պայթեցրել են, որի հետևանքով պատերը մասնակի փլուզվել են, քարե ծածկը քանդվել և ապա 1983-1984 թթ. եկեղեցին
Հուշարձանների պահպանության վարչության կողմից մասամբ վերականգնվել է:
Վերջին տարիներին երկար ձգձգվող վերոնորոգչական աշխատանքները սպասումի մեջ էին պահում համայնքին, ովքեր անհամբերությամբ էին սպասում եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտման, կահավորման և վերաօծման արարողությանը: Այսօր եկեղեցին լիովին պատրաստ է ընդունելու Կուրթան և հարակից համայնքների բարեպաշտ բնակիչներին` Սուրբ Պատարագների մասնակցության և այլ արարողությունների համար: 
Թեմակալ առաջնորդի քաջալերանքին և հորդորներին ընդառաջ` Կուրթան համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը ոչ միայն կազմակերպել ու ղեկավարել է եկեղեցու վերանորոգչական աշխատանքները, այլ նաև իր նյութական միջոցներով եկեղեցու տարածքում կատարել է հողահեռացման և մաքրման մեծածավալ աշխատանքներ, տեղադրել է Սուրբ Սեղանը, իսկ համայնքապետի որդի Անդրանիկ Գևորգյանի նախաձեռնությամբ էլեկտրաֆիկացվել է եկեղեցին:
Սփյուռքահայ
մեր եղբայրներ` հայր և որդի Վարդան և Քրիստիան Գելիջիների բարերարությամբ, եկեղեցու
տանիքը թիթեղապատվել է, տեղադրվել են եկեղեցու մետաղյա դռները և պատուհանները, ինչպես
նաև եկեղեցուն նվիրաբերվել է հնամենի մեկ զանգ:
Գուգարաց
թեմի առաջնորդարանի կողմից պատրաստվել են եկեղեցու
վարագույրներն ու Սուրբ Սեղանի սպասքը, մոմակալները, զանգակատան մեծադիր կոփածո խաչը
և թեմի նյութական միջոցներով իրականացվել են մասնակի
հարդարման աշխատանքներ:
Վերանորոգչական
աշխատանքների ողջ ընթացքում եկեղեցում չեն դադարել նշվել
եկեղեցական տոները, կատարվել են պսակի, մկրտության արարողություններ:
Եկեղեցու
նորաօծ խորանին, հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի, մատուցվեց
Սուրբ Պատարագ` ձեռամբ
տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր
Մերուժան քահանա Սողոյանի: Հավարտ
Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի
խոսքն ուղղեց ներկաներին և օրհնեց բարերարներին, օրհնության
գիր ու սրբապատկեր նվիրեց Կուրթանի
համայնքապետ Մհեր Գևորգյանին:
ՖՈՏՈՇԱՐՔԸ ՎԱՀԵ ԽԱՉԻԿՅԱՆԻ |
Բարերարներ
Թելման Հակոբյանի, Էդիկ Թամարյանի, Սոս Նալբանդյանի և Վարդան Ներկարարյանի կողմից ուխտավորներին մատուցվեց 7 գառան մատաղ:
No comments:
Post a Comment