ՕԾՎԵՑ ՏԱՇԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԵԾԱՎԱՆ
ԳՅՈՒՂԻ ՍԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ
Որքան էլ մեծ լինի մարդու հավատքն առ Աստված, հարկ է նրան ունենալ
աղոթքի տուն, որը կլինի Աստծո հետ հաղորդակցվելու վայր, ուր ամենօրյա
աղոթքներով իր ուխտը կնորոգի Տիրոջ առջև: Եվ այս սկզբունքով այսուհետ
հոգևոր իրենց պետքերը հոգալու հնարավորություն կունեն նաև Մեծավան
համայնքի բնակիչները ևս:
Թեմակալ առաջնորդի նվերը բարերարներին մանրանկարիչ Լեւոն Զաքյանի ձեռքի աշխատանքը՝ Սբ. Աստվածածնի սրբապատկեր |
Սբ Գևորգ եկեղեցին ամենաշատ սիրված սրբավայրն է բնակիչների համար:
Ուշ միջնադարյան այս սրբավայրը թվում էր հավատացյալների առջև փակվել էր անդար: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել էր որպես կոլտնտեսության պահեստ, ապա դարձել կիսավեր, փլված տանիքով մոռացված մի շինություն: Այսօր սրբավայրը կրկին վեր է հառնում իր տեղում` նույն գեղեցկությամբ ու ճոխությամբ և դարձյալ հիացնում է բնակիչներին` արդեն նորակառույց զանգակատնով և բարեկարգված վիճակով: Մեկ ամիս առաջ, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, օծվեց եկեղեցու զանգակատան խաչն ու զանգը, իսկ այսօր, վերաօծվեց Սբ. Գևորգ եկեղեցին և իր դռները բացեց հավատավոր բնակիչների առջև: Եկեղեցու վերակառուցման և կահավորման աշխատանքների բարերարությունը ստանձեցին և ավարտին հասցրեցին մոսկվայաբնակ Արթուր, Հովսեփ և Արտակ եղբայրները` ի հիշատակ Մելքոնյան գերդաստանի: Գարնանը նախատեսվում է բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնել: Վերաօծման արարողությանը ներկա էին Վայքի թեմի առաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը, Տաշիրի տարածաշրջանի և Վանաձոր քաղաքի հոգևոր հայրերը, բարերար եղբայրներն իրենց ընտանիքներով, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր, Մեծավանի ու շրջակա գյուղերից հարյուրավոր բնակիչներ և ուխտավորներ տարբեր տարածաշրջաններից ու մարզերից: Պատարագիչն էր Վանաձորի Սբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր Տեր Ներսես քահանա Ղալայանը: Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց բարերար Մելքոնյան ընտանիքին և շնորհավորեց ներկաներին` նոր ուխտատեղի, նոր սրբավայր ունենալու կապակցությամբ.ՙՍիրելի մեծավանցիներ, Աստծուն մերձենալու ճանապարհը անցնում է եկեղեցու միջոցով: Եկեղեցին հայի կյանքում հանդիսացել է այն հանգրվանը, ուր համախմբվել են իր զավակները, կրթվել, դաստիարակվել ու առաջնորդվել են դեպի հավիտենականություն, դեպի Աստված: Եվ դուք, սիրելի իմ հավատացյալներ, ճամփորդ եք այդ հավիտենականության՚,-նշեց թեմակալ առաջնորդը: Սրբազան հայրը օրհնեց բարերարներ Արթուր, Հովսեփ և Արտակ եղբայրներին ու նրանց ընտանիքներին և առ ի երախտագիտություն` ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության գիրը, որը և հանձնեց նրանց` նվիրելով մանրանկարիչ Լեւոն Զաքյանի ձեռքի աշխատանքները՝ Սբ. Աստվածածնի սրբապատկերներ: Համայնքի համար բացառիկ իրադարձություն էր այս տոնախմբումը, քանզի Սբ. Գևորգ եկեղեցու զանգերը երկար ընդմիջումից հետո կրկին ղողանջեցին, և սրբավայրի դռները բացվեցին հավատավոր հայորդիների առջև` թեմի ուխտավայրերի թվին ավելացնելով ևս մեկը:
Լոռու մարզպ Արթուր Նալբանդյանը իր խոսքում նշեց ,որ նախկինում Գուգարաց թեմում գործում էր 3 եկեղեցի այժմ ունենք 37 սա խոսում է Թեմակալ առաջնորդի աշխատանքի մասին եւ իր շնորհակալություն հայտնեց բարերարներն իրենց անձնանվեր նվիրումի համար: Հավարտ սրբազան արարողության` ներկաներին մատուցվեց երախտիքի և գոհության Սբ. Մատաղ:
ֆոտոշարքը Լ.Յոլչյան 25.11.2013
No comments:
Post a Comment