Thursday, May 26, 2016

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից տարեկան ժողովը


Մայիսի 25-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: Ժողովին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի 45 միաբաններ և 184 քահանաներ:


Եկեղեցականաց դասը` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նախ Մայր Տաճարում մասնակցեց Գիշերային ժամերգությանը:

Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը: Տերունական աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթեց վերջին տարում ի Տեր հանգչած հոգևորականների, ինչպես նաև հայրենյաց պաշտպանության ընթացքում զոհված քաջարի հայ զինվորների հոգիների հանգստության համար: 
Այնուհետև բացման խոսք ասաց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: 
Հայոց Հովվապետի անունից ողջունելով եկեղեցականներին` Միքայել Սրբազանն անդրադարձավ ժողովի օրակարգին` վստահություն հայտնելով, որ հոգևոր դասի պատկառելի կազմը երաշխիքն է նորանոր նվաճումների և ձեռքբերումների` հանուն Աստծո փառքի, հայրենիքի շինության և Հայ Եկեղեցու զորացման: Հոգևորականների անունից Սրբազան Հայրը մաղթեց, որ Տերն անսասան պահի Արարատյան աշխարհը` իր նահատակ կույսերի բարեխոսությամբ, Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, և պայծառ մնա Մայր Աթոռն իր գահակալով և եպիսկոպոսաց դասով, իր միաբանությամբ և հոգևորականներով:
Հավաքի քննարկման նյութ էին ընտրվել հովվական, ծիսական կյանքին, ինչպես նաև քարոզչական, կրթադաստիարակչական գործունեությանն առնչվող մի շարք խնդիրներ:
Ծիսական հարցերի շուրջ զեկույցներով հանդես եկան Արժանապատիվ Տ. Զոհրապ քահանա Մանասյանը (Կոտայքի թեմ) և Արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովը (Շիրակի թեմ): Ծխական քահանաների կրթադաստիարակչական գործունեության վերաբերյալ զեկույց ներկայացրեց Արժանապատիվ Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը (Տավուշի թեմ):
Քննարկումներից հետո քահանայից ժողովը հանդես եկավ նաև հայտարարությամբ.
«Մենք` Հայաստանի և Արցախի թեմերի քահանաներս, գոհություն և փառք ենք հայտնում Աստծուն, որ համախմբվել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ և մեր թեմակալ առաջնորդների ղեկավարությամբ` անդրադարձ կատարելու հովվական կյանքին և առաքելությանը:
Արարատյան տոների և մայիսյան հաղթանակների ոգեշնչող մթնոլորտում մեկ անգամ ևս վերահաստատում ենք մեր ուխտը հանդեպ մեր առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին և Մայր Հայրենիքը:
Մեր զորակցությունն ու սերն ենք հղում հայրենյաց սահմանները պաշտպանող մեր քաջարի մարտիկներին ու խիզախ հրամանատարներին և նաև իրենց ընտանիքների սիրասուն անդամներին` աղոթելով մնայուն խաղաղության և Հայոց աշխարհի անսասանության համար:
Մտահոգ Մերձավոր Արևելքի պայթյունալի իրավիճակից` հույս ենք հայտնում, որ միջազգային հանրությունը կգտնի ուղիներ խաղաղ և արդար հանգուցալուծման համար` ապահովելով նաև մեր հայրենակիցների անվտանգ կյանքը:
Աղոթում ենք ղարաբաղյան հակամարտության ընթացքում և, մասնավորապես, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար և Սուրբ Հոգու զորակցությունն ենք հայցում նրանց սգակիր մայրերին և ընտանյաց բոլոր անդամներին: Շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին: 
Վստահ ենք, որ մայիսյան հաղթանակների ոգին պիտի աննահանջ մնա հայոց կյանքում` թե՛ խաղաղ ստեղծագործ աշխատանքի մեջ և թե՛ հայրենյաց սահմանների պաշտպանության սրբազան գործում:
Զորացած Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց բարեխոսությամբ, մեր հայացքը հառած Խոր Վիրապից ճառագող լույսին և հաստատված Քրիստոսահիմն Մայր Աթոռի հավիտենական առաքելության վրա` շարունակելու ենք մեր անսակարկ ծառայությունը մեր հավատավոր ժողովրդին և վերանորոգված տեսիլքով ու թարմ ավյունով վերադառնալու ենք Տիրոջ կողմից մեզ վստահված այգիների մշակությանը»:
Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նախ իր ուրախությունն արտահայտեց հավաքի առիթով` գնահատանք հայտնելով Միքայել Սրբազանին ու կազմակերպիչ հանձնախմբին: 
Վեհափառ Հայրապետը գովելի նկատեց հավաքի ընթացքում Հայ Եկեղեցուն ու եկեղեցականներին հուզող հարցերի ու խնդիրների արծարծումը, ինչը առիթ է ընձեռում անդրադարձ կատարելու և ուղիներ գտնելու հոգևոր ծառայության առավել արդյունավետ կազմակերպման համար:
Հայոց Հովվապետը քահանայից դասին պատգամեց շարունակել նախանձախնդիր և նվիրյալ ծառայություն բերել ժողովրդին և ամենայն ջանք ի գործ դնել` մշտապես բարձր պահելու Հայ Եկեղեցու հեղինակությունը: 
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Արցախյան վերջին իրադարձություննների ժամանակ Մայր Աթոռի միաբանության, Հայաստանի և Սփյուռքի թեմերի և թեմական կառույցների գործունեությանը: «Գնահատանքի է արժանի այն ոգին ու նախանձախնդրությունը, որ դրսևորվեց մեր թեմակալ առաջնորդների և եկեղեցական սպասավորների կողմից: Նրանք ջանացին կարելին անել, որպեսզի հնարավոր աջակցություն հասցվի հայրենյաց պաշտպան մեր զինվորներին, նրանց ընտանիքներին ու վիրավոր անձանց: Եվ այսօր էլ շարունակում են գտնվել դիրքերում` Հայրենիքի սահմանները պահպանող մեր զինվորների կողքին, և իրենց խոսքով ու գործով զորակցում քաջարի զինվորներին:
Պիտի շարունակվեն հետևողական աշխատանքներ իրականացվել, որպեսզի մեր բանակը լինի զորեղ և կարելի աջակցություն մատուցվի եկեղեցականների ու մեր զավակների կողմից ի նպաստ հայկական բանակի», - ասաց Վեհափառ Հայրապետը` տեղեկացնելով նաև զոհված և վիրավոր զինվորների ընտանիքներին Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կողմից ցուցաբերված աջակցության մասին:
Հայրենիքի խաղաղության համար առ Աստված աղոթք բարձրացնելով` Նորին Սրբությունը քահանայից դասին մաղթեց մայիսյան հաղթանակների խորհրդով բարձրացնել ազգային գիտակցությունն ու հայրենասիրական ոգին` ընդգծելով, որ բացառապես այդ ոգով է հնարավոր դիմագրավել Հայրենիքի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:
Վերջում հոգևոր դասը մասնակցեց նաև Երեկոյան ժամերգությանը:

Աղբյուրը՝Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ  https://web.facebook.com/infoservicesofmothersee/posts/523491581176151 էջից

No comments:

Post a Comment