Monday, June 2, 2014

Օձունի վանքի քահանան գյուղի լավագույն այգեգործներից է

Անի Հովհաննիսյան


18:57, 2 հունիսի, 2014
Օձունի վանքի քահանա Տեր Վրթանեսն իր 4 երեխաների եւ կնոջ հետ արդեն 8 տարի ապրում է վանքի հարեւանությամբ գտնվող տանը: Նա զբաղվում է հողագործությամբ, մեղվաբուծությամբ, իսկ երբ տեղացի կամ արտասահմանցի հյուրեր են ժամանում, ժպիտով դիմավորում է նրանց, պատմում վանքի պատմական արժեքների եւ գյուղի կենսակերպի մասին: Օձունցիները վանք են գալիս ոչ միայն հոգեւոր սնունդ ստանալու, այլեւ Տեր Վրթանեսի հետ իրենց առօրյա խնդիրների մասին խոսելու: Քահանան ակտիվորեն մասնակցում է գյուղի մշակութային, կրթական կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերին:
«Մինչ Օձուն գալը Վանաձորում էի ծառայում, հոգեւոր սպասավոր էի բանակում: Երբ նշանակվեցի Օձունի վանքում ծառայության, շատ ուրախացա, քանի որ ինձ համար շատ կարեւոր է այս վանքի պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բացի հիմնական վանքը` գյուղում կան նաեւ այլ եկեղեցիներ, խաչքարեր, որոնց պետք է մեծ ուշադրություն դարձնել: Տարիների ընթացքում, ապրելով գյուղում, ինձ համար ավելի ու ավելի է կարեւորվում գյուղացին: Եթե սկզբում եկել էի զուտ այն նպատակով, որ նպաստեմ այստեղի պատմամշակութային արժեքների պահպանությանը, ապա այժմ հասկանում եմ, որ այդ արժեքները ստեղծող գյուղացին ամենակարեւորն է, ում հպարտությամբ եմ ծառայում»,- ասում է Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:
Քահանայի երեխաները հաճախում են գյուղի արվեստի դպրոցը, իսկ կինն աշխատում է Օձունի հանրակրթական դպրոցներից մեկում:
Երեխաներից երկուսը՝ Սողոմոնն ու Մարիամը, ծնվել են Օձունում: Նրանք ազատ ժամանակ նկարում են իրենց գյուղի բնությունը, ձորերը, վանքն ու մարդկանց: Սողոմոնը սիրում է գյուղը, իրեն ավելի ապահով է զգում այստեղ: Նա պատրաստվում է քահանա դառնալ եւ հոր գործը շարունակել. «Երեւանում մեքենաները շատ են, դրա համար էլ էդքան ավարիաներ են լինում, իսկ մեր գյուղում շատ քիչ մեքենա կա ու ավարիա չի լինում»,- ասում է Սողոմոնը:
Գյուղում գործում են կարատեի, գեղանկարչության, պարարվեստի խմբակներ եւ արվեստի դպրոց:
«Գյուղում ապրելով՝ կարողանում ենք նաեւ մեր երեխաների զարգացման, կրթություն ստանալու գործը չանտեսել: Վերջին շրջանում Օձունում մեծ առաջընթաց կա. եկեղեցու վերակառուցումը, մշակույթի տան վերանորոգումը, երկու գլխավոր փողոցների ասֆալտապատումը: Ճանապարհի վերանորոգումից հետո վանքը հարյուրավոր զբոսաշրջիկ-այցելուներ է ունենում, ինչի հետեւանքով հյուրատներն են զարգանում գյուղում: Գիշերային լուսավորում ունենք, աղբահանության հարցը վերջերս կարգավորվեց: Ես հույս ունեմ, որ շուտով նաեւ աղբի վերամշակման ծրագիր կիրականացվի, եւ այդ վերամշակումից այնպիսի եկամուտ կլինի, որ որեւէ բնակավայր առանց աղբահանության չմնա»,- ասում է Տեր Վրթանեսը:
Ամեն կիրակի Օձունի վանքում քահանան պատարագ է մատուցում մոտ 200-500 մարդու մասնակցությամբ: Նա կարծում է, որ պատարագի այցելուների թիվը բավարար չէ, քանի որ կազմում է գյուղի բնակչության մոտ 10 տոկոսը: Տեր հայրը նշում է, որ նախորդ տարիների համեմատ արտագաղթը գյուղում նվազել է:
«Հիմա այդքան արտագաղթը չէ խնդիր գյուղի համար, որքան արտագնա աշխատանքը: Ընտանիքներով այլեւս չեն մեկնում, բայց տղամարդիկ դեռ շարունակում են գնալ, ամիսներով աշխատել: Ես կարծում եմ՝ մարդը պետք է թեկուզ իր չնչին աշխատավարձով կարողանա իր երկրում ապրել, աշխատել, ստեղծել: Ընտանիքները պիտի չքայքայվեն այդ պատճառով: Ես շատ եմ ուզում, որ երիտասարդներն իրենց աշխատանքի եւ կեցության խնդիրները կարողանան գյուղում լուծել: Փառք Աստծո, այդ տեսանկյունից եւս առաջընթաց կա: Գյուղի ջրագծերն էին փոխվում, երիտասարդներն աշխատում էին, կենտրոնական հատվածում՝ ճանապարհի վրա, խանութներ են ավելանում»,- ասում է Տեր Վրթանեսը:
Օձունի հիմնական խնդիրը բնամթերքի իրացումն է. գյուղացին չի կարողանում վաճառել կամ փոխանակել մթերքը: Առատ սալորից հիմնականում օղի են ստանում, որն էլ չեն կարողանում վաճառքի հանել: Տեր Վրթանես քահանան բնամթերքի իրացման իր պատկերացումն ունի: Նա համարում է, որ սալորից ավելի ձեռնտու է չրեր եւ պահածոներ պատրաստել, քան օղի: Օձունը, հարեւան 8 այլ ենթաշրջանների հետ, մասնակցում է թեյերի արտադրման մի ծրագրի, որի շրջանակներում պատրաստվում են հավաքել տարբեր ծաղիկներ եւ թեյեր, ուղարկել Ֆրանսիա՝ վաճառքի:
«Երբ իրացում չի լինում, գյուղացին էլ չի ցանկանում մշակել: Ես ինքս Մուսալեռ գյուղում եմ ծնվել, մեծացել, տեղյակ եմ հողագործության ու անասնապահության խնդիրներից: Անհրաժեշտ է փոքրիկ արտադրություններ ունենալ գյուղում, քանի որ ձմռան ամիսներին տղամարդկանց եւ կանանց հիմնական մասը աշխատանքի խնդիր ունի եւ պատրաստ է նաեւ էժան աշխատուժ հանդիսանալ: Եթե ներդրողները խելացի լինեն, կարող են գյուղերում կտորի կամ կարի արտադրամասեր հիմնել, որտեղ գյուղացին ձմռան ամիսներին կարող է աշխատել: Եւ́ ներդրողի համար շահութաբեր կլինի, եւ́ գյուղացու զբաղվածության հարցը կլուծվի»,- ասում է քահանան:
Տեր Վրթանեսն ունի սեփական այգի, որտեղ ազատ ժամերին զբաղվում է հողագործությամբ եւ մեղվաբուծությամբ: Տեր հայրը կնոջ օգնությամբ բերքը պահածոյացնում է, հյուրասիրում կամ չորացնում: Օձունցիները հաճախ զարմանում են, որ Տեր հոր այգու պտուղներն ավելի շատ են, քան իրենցը: Տեր Վրթանեսը ժպիտով է արձագանքում. «Տեր հոր այգու պտուղների շատ լինելու գաղտնիքն ընդամենը լավ մշակելու մեջ է: Ծառերը էտման, բուժման, խնամքի եւ սնուցման կարիք ունեն: Եթե այդ ամենը ճիշտ կազմակերպես, լավ արդյունք կարող ես ստանալ: Այգում մի ծառ անգամ չունեմ, որի վրա բերք չլինի»,- հպարտանում է Տեր հայրը:   
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

http://hetq.am/arm/news/54946/odzuni-vanqi-qahanan-gyuxi-lavaguyn-aygegortsneric-e.html#.U4zVsYPbSxc.facebook
Օրհնության, գոհության և գնահատանքի խոսք
«Ձեռք մեկնիր եղբորդ» դրամահավաք-ակցիայի մասնակից մեր սիրեցյալ զավակներին


Հայրական սիրով և օրհնությամբ շնորհակալություն եմ հայտնում Վանաձորում անցկացված «Ձեռք մեկնիր եղբորդ» համաքաղաքային դրամահավաք-ակցիայի բոլոր մասնակիցներին` պետական կառույցներ, ԱԺ պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկություններ, իրավապահ մարմիններ, հասարակական կազմակերպություններ, առողջապահական, կրթական, մշակութային, մարզական հաստատություններ, անհատներ, որոնք սիրահոժար կերպով արձագանքեցին մեր նախաձեռնությանը և 20 օրում հանգանակեցին հինգ միլիոն դրամ` Սանկտպետերբուրգյան տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր Քալաշյան ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով:
Գոհունակությունս եմ հայտնում Լոռու մարզպետարանին և Վանաձորի քաղաքապետարանին, ի դեմս մարզպետ Արթուր Նալբանդյանի և քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաև համայնքի ավագանուն` աստվածահաճո այս գործում մեզ մեծապես աջակցելու համար:
Շնորհակալ եմ նաև վանաձորյան բոլոր լրատվամիջոցներից` ակցիայի ակտիվ լուսաբանման և «ՍԻՄ տպագրատուն» ՍՊԸ տնօրեն Հայկազ Սիմիկյանին` դրամահավաքի բացիկների անհատույց տպագրության համար:
Ուզում եմ առանձնակի գոհունակությամբ շեշտել դրամահավաք-ակցիայի համար ստեղծված հաձնաժողովի բոլոր անդամաների բարեխիղճ և խիստ կազմակերպված աշխատանքը:
Մեր աղոթքն ու բարեմաղթանքներն ենք հղում և շնորհակալություն հայտնում մոսկվայաբնակ վանաձորցի գործարար Արտակ Էվոյանին, ով վստահելով ծրագրի անաչառությանը` մեր թեմին նվիրաբերեց 4 սենյականոց բնակարան, որն էլ հանձնաժողովի որոշմամբ կհատկացվի նույն տնակային ավանում բնակվող խիստ կարիքավոր բազմանդամ մի ընտանիքի: 
Հայտնում ենք, որ բարեգործական այս ծրագիրը շարունակական է, և նրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Թող Աստված օրհնի և սիրո մեջ պահի բոլոր նրանց, ովքեր իրենց գանձերը դիզում են երկնքում:
«Ավելի երանելի է տալը, քան առնելը»
Գործք Առաքելոց, 20.35


Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան


Ներկայացվում է դրամահավաք-ակցիային մասնակցած կազմակերպությունների ցանկը