«Մեզ հակացուցված է մարդկային կորուստները, քանզի յուրաքանչյուր հայ թանկ է մեզ համար»:
Մեր զրուցակիցն է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը
- Սրբազան Հայր, վերջերս ԶԼՄ-ներում շատ է խոսվում այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու և կառավարության սերտաճում է սկսվել, Դուք համաձա՞յն եք այդ տեսակետի հետ և Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պետք է լինեն կառավարության և եկեղեցու հարաբերությունները:
- Նախ` ի՞նչ է նշանակում «սերտաճում». դա ոչ միայն անստույգ, այլև ոչ պատշաճ բառ է, որպեսզի արտահայտի Հայ առաքելական եկեղեցի-պետություն փոխահարաբերությունները: Ապա նաև` ի՞նչ է նշանակում` «կառավարության հետ սերտաճում»: Այս անհարգալից վերաբերմունքն ինքնին
խոսուն վկայությունն է այն անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի, որ տիրում է մեզանում: Չպետք է իրարու հետ շփոթել իշխանավորին ու պետությանը, եկեղեցականին ու եկեղեցին: Եկեղեցին միշտ եղել ու պարտավոր է լինել պետության ու ժողովրդի կողքին` անկախ նրանից, թե ով է ղեկավարում երկիրը: Ինչ վերաբերում է բուն հարցին, պատասխանն աներկբա է. Հայ առաքելական եկեղեցին և պետությունն այսօր համագործակցում են այն չափով, որ չափով ենթադրում են մեր ժողովրդի երկուստեք շահերը: Բնական է և ողջունելի, որ որպես ազգային եկեղեցի մեր եկեղեցու և պետության շահերը նույնական լինեն: Հայ իրականության մեջ սա բացառիկ երևույթ է, որ ինստիտուցիոնալ երկու կարևոր կառույցներ համագործակցում են: Այնուամենայնիվ, անկախ թյուր ընկալումներից, Հայ եկեղեցին հայրենի իշխանություններից առավել մեծ ակնկալիքներ ունի մասնավորաբար հոգևոր դաշտն առավել անվտանգ և ազգային եկեղեցու գործունեության համար օրենսդրորեն առավել պաշտպանված դարձնելու առումով: Եվ եկեղեցի պետություն հարաբերություններն էլ պետք է լինեն փոխհամագործակցության շրջանակներում: Ահա այս է պահանջում մեր ժողովրդի գերակա շահը:
– Հայ առաքելական եկեղեցուց բացի Լոռու մարզում գործում են մի շարք կրոնական համայնքներ: Ինչպե՞ս է եկեղեցին վերաբերվում այդ համայնքների գոյությանը և արդյո՞ք կա տարբերակված վերաբերմունք այդ կազմակերպությունների հանդեպ, թե՞ վերաբերմունքը նույնական է:
- Ձեր հարցը ինքնին խոսուն վկայությունն է մեր հոգևոր երկպառակտվածության: Ի՞նչ է նշանակում «գործում են մի շարք կրոնական համայնքներ»: Դուք պատկերացնու՞մ եք այն վտանգը, որ թաքնված է այդ ձևակերպման տակ: Փաստորեն, մենք ընդունում ենք, որ մեր ժողովուրդը այն աստիճան հեռացել է իր ակունքներից, որ արդեն խոսում ենք «այլ կրոնների» մասին և դեռ սառնասրտորեն ու անհոգ «տարբերակված վերաբերմունքի» խնդիրն ենք բարձրացնում: Սա վիրավորանք է, ապտակ է, որ հասցված է արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հային:
Դարերի հոլովույթում հազար արհավիրքների միջով անցած, մեծ կորուստներով քսանմեկերորդ դար հասած ժողովուրդը, իր պատմական հայրենիքի զգալի հատվածը կորցնելով հանդերձ, մի՞թե անկախության պայմաններում այսքան դյուրությամբ տրոհվելով ինքնասպանության է գնում: Ոչ թե «տարբերակված վերաբերմունքի», «հանդուրժել-չհանդուրժելու», այլ այսօր մեր երկրի ապագան փրկելու խնդիր ունենք մենք: Դուք հասկանու՞մ եք: Լինելով 3 միլիոն ժողովուրդ` ունենք 58 աղանդավորական կառույց և առավել 10 գրանցված եկեղեցի, խնդրեմ, շարունակե՞նք տարբերակվել ու հանդուրժել: Ո՞վ և ի՞նչ նպատակով մեր ժողովրդի վզին փաթաթեց այս պատուհաս աղանդները: Ի՞նչ նպատակներ են հետապնդում դրանք: Արդյո՞ք մեր հասարակությունն ամբողջությամբ գիտակցում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությանն սպառնացող այս վտանգները:
Ժամանակն է այս մասին մտածել և ոչ թե կեղծ ու խեղված, անդեմ եվրոպական արժեքները կապկել ու թմբկահարել:
Ուստի ես կարծում եմ, որ բոլորս պետք է ջանք գործադրենք այսպես կոչված «կրոնական համայնքներում» մոլորված մեր զավակներին Մայր Եկեղեցու և ազգային արժեքների շուրջ համախմբելու համար և ոչ թե «նպատակային» քաջալերելու տրոհումը: Մենք իրավունք չունենք միմյանցից բաժանվելու: Մեզ հակացուցված է մարդկային կորուստները, քանզի յուրաքանչյուր հայ թանկ է մեզ համար:
- Սրբազան, բայց չէ՞ որ Հայաստանը համաձայնագրերի, պայմանագրերի և այլ փաստաթղթերով Եվրոինտեգրացիոն ծրագրերին իր համաձայնությունն է տվել:
- Այո, հենց դա է մեր մեծագույն սխալը, որ նմանատիպ աններելի մեղք ենք գործել մեր ժողովրդի նկատմամբ: Առանց ուսումնասիրելու դրանց մեջ պարունակվող վտանգները, անխտիր ամեն պայմանագրի հավանություն տվեցինք: Տեսեք մեր հարևան վրացիներին, նրանք էլ Եվրոխորհրդի անդամ են և նրանք էլ իրենց անկախությամբ մեզ տարեկից են, բայց միայն այս տարի 2011 թվականի հուլիսի 5-ին իրենց երկրում համաձայնվեցին իրավաբանական անձի հարգավիճակ տալ, այն էլ սահմանափակ թվով եկեղեցիների: Ահա եվրոպական երկակի ստանդարտի վառ օրինակ: Ու՞ր է այստեղ Եվրոպական արդարությունը կամ այսպես կոչված իրավունքների ու պարտավորությունների հավասարությունը:
Ես ամաչում եմ մեր միջի այն ապերախտների փոխարեն, ովքեր թողած իրենց հնամենի ու փառավոր ազգի իրավունքները, իբրև «իրավապաշտպաններ» սատանայի դատապաշտպանի հանդերձանք հագել ու աղանդներին քաջալերելով մեր ժողովրդին տրոհում և միմյանց դեմ են հանում: Այստեղ տեղին է մեջ բերել ավետարանի խոսքերը «Վա˜յ ձեզ կեղծաւորներիդ` օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականութեամբ: Նոյնպէս և դուք, դրսից մարդկանց արդար էք երևում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ և անօրինութեամբ»: /Մտթեոս 23, 27-28/ Ահա պատկերը այն «իրավապաշտպան» աքլորների ովքեր դատավորի թիկնոց հագած մեր Առաքելահաստատ եկեղեցին ու ազգային արժեքներն են փնովում ու մեզ դասեր տալիս:
- Սրբազան, ինչու՞ եք դառնացած եվրոպացիներին, եթե մենք ենք ընտրել այդ ուղին:
- Այո, ինչպես ասում են «կացնի պոչը անտառից է»: Ցավոք, մեր օտարամոլությունից ու ինքնաատելությունից միշտ օգտվել են «պառաված Եվրոպան» և ուրիշներ: Նախ, մեր երակներից պետք է դատարկենք օտարամոլության ախտը, որը մեր բոլոր դժբախտությունների պատճառ է դարձել:
Սակայն Եվրոպայի մեղքը մեր չգիտակցված մեղքով չի արդարացվում: Չմոռանանք, որ 18-րդ դարում եվրոպացիները սեպ խրելով մեր միաբանության մեջ ձևավորեցին հայ կաթոլիկ և հայ բողոքական եկեղեցիները, դա նրանց «շնորքն» էր, իսկ Թուրքիան բռնությամբ կրոնափոխեց հայերին, իսկ ահա մեր օրերում նույն քմահաճ «պառաված Եվրոպան» մեր վզին է փաթաթում այս անգամ խառնամբոխ աղանդներին: Ահա գերտերությունների ավանդը: Էլ չխոսենք 1915 թվականի ցեղասպանությունը ուղղորդող գերմանական, ֆրանսիական, անգլիական և այլ եվրոպական երկրների ուղղակի և անուղղակի մասնակցության մասին: Կարծում եմ այսքանը բավ է հասկանալու համար, թե ովքեր են մարդու իրավունքներից և խղճի ազատությունից խոսում` անտեսելով մեր հնամենի ազգի իրավունքները:
– Իսկ Հայ Առաքելական եկեղեցին կարո՞ղ է համախմբել գոյություն ունեցող կրոնական համայնքները և բավարարել նրանց հոգևոր պահանջները:
- Մեր եկեղեցին պարտավոր է համախմբել բոլորին անխտիր: Այժմ քարերը հավաքելու ժամանակն է:
Ձեր մատնանշած կրոնական համայնքները եթե Աստծուց վախենում են և մեր ժողովրդից ամաչում, ուրեմն մեկ հոտ և մեկ հովիվ գաղափարի շուրջ պետք է անվերապահ հանախմբվեն մեր Մայր Եկեղեցու գմբեթի տակ: Մենք այլընտրանք չունենք: Քանզի ժամանակներն ու հանգամանքներն ի վնաս մեր եկեղեցու, պետականության և ընդհանրապես մեր ամբողջականությանն են գործում:
Իսկ Ձեր հարցի երկրորդ մասը` նրանց հոգևոր պահանջները բավարարելու մասին, հորինված պատճառաբանություններ են` թաքցնելու համար այսպես կոչված «այլ կրոնական» կազմակերպությունների իրական նպատակները: Ինչպե՞ս կարող էր մեր դարավոր եկեղեցին հակառակ բազմաթիվ արհավիրքների կանգուն մնալ, եթե չունենար իր հոտի հոգևոր պահանջները բավարարելու կարողություն: Ունեցել է և այժմ էլ ունի հոգևոր կամք ու գիտակցություն իր հոտի մոլորված յուրաքանչյուր անդամին իր գիրկը վերադարձնելու և հոգևոր սնունդ տալու:
– Հայ ժողովրդի պատմության ընթացքում մինչ այժմ չհանդարտվող վեճ է ընթացել. հայ լինելը պայմանավորվա՞ծ է կրոնական պատկանելությամբ, թե՞ ոչ: Դուք Ձեզ համար այդ հարցի պատասխանը գտե՞լ եք:
- «Հայ քրիստոնյա». այս երկու բառերի կապակցությունը մեր ինքնության, մեր էթնիկ կոդն է, հայ մարդու բնորոշիչը: Անշուշտ, ոմանց համար, հատկապես նրանց, ովքեր կորցրել են անցյալի հետ իրենց կապը կամ ունեն պատմական հիշողության կորուստ, դա ոչ մի նշանակություն չունի:
Ի վերջո տիպար հայը այն մարդն է, ով իր կյանքը իմաստավորում ու կառուցում է մեր տոհմիկ արժեհամակարգի վրա, ում ճակատը մեր Սուրբ Եկեղեցու Սրբալույս Մյուռոնով է դրոշմված, ով մտածում ու խոսում է հայերեն:
Թուրքիայում ես հալածվել եմ քրիստոնյա լինելուս համար: Նույնչափ հալածվել եմ հայ լինելուս համար, հայերեն խոսելուս համար: Բայց իբրև հայ քրիստոնյա եմ ազատվել այդ փորձություններից ու այսօր կամ իմ հավատի ու լեզվի շնորհիվ: Այլ կերպ հայ մնալը գրեթե անհնար է: Խնդրեմ ուսումնասիրեք մեր անհետացող հայկական գաղթօջախների պատմությունը, հատկապես դավանափոխներինը և կհամոզվեք, թե ինչ եղան նրանք:
Հիշե՛ք. աշխարհը անխնա աղում ու ձուլում է իր մեջ բոլոր նրանց, ովքեր կորցնում են իրենց հոգևոր ու ազգային դիմագիծը, պատկանելիությունը: Ինչպես բնության մեջ ոչնչանում է այն ամենը, ինչը անդեմ է, խառնակ է ու կենսունակ չէ: Մեր ժողովուրդը դարեր շարունակ աշխարհի մարդկությանը, հատկապես մեր անմիջական հարևաններին կարծես սերմնացու դոնոր արյուն է տվել` դիմացը ոչինչ չստանալով: Հյուծվել ու փոքրացել ենք: Եթե մինչ այս օտարների լծի տակ էինք ապրում ու մի կերպ գոյատևում, այժմ հայ քրիստոնիայի տեսակի պահպանման համար մեզ ի՞նչ է խանգարում:
– Փաստորեն Դուք կրոնափոխ հայերին իբրև հայ չե՞ք ընդունում:
- Ես նախ փորձեցի համառոտ բացատրել, թե որքան է կարևոր մեր ազգային ու կրոնական դիմագիծը պահպանելը, որպեսզի մեր օրերում ևս չունենանք նորանոր դավանափոխներ, հավատուրացներ:
Պատմության ընթացքում բռնի կրոնափոխ հայերի բազմաթիվ դեպքեր գիտենք, և նրանց շահելու խնդիրը խիստ կարևոր է, սակայն, ափսոս, որ մեզանում այդ երևույթի վերաբերյալ համակողմանի թեմատիկ ուսումնասիրություն դեռ չի կատարվել: Երանի թե այս հարցում ևս մենք ունենայինք ազգային ծրագիր և նրանց վերադարձնելու կամ շահելու համար քայլեր կատարվեին:
Այս հարցը նույնքան արդիական է: Ես կողմ եմ, որ ազգային բարձր գիտակցություն ունեցող յուրաքանչյուր հայի պետք է վերադարձնել Մայր Եկեղեցուն և ներգրավել հայ հասարակությանը, անշուշտ բոլոր նրբություններն ու զգուշավորությունները նկատի առնելով: Գիտեմ, շատ բարդ հարց է:
Նկատի առնելով անցյալում կրոնափոխների ու դավանափոխների ուծացման փաստը և մեր ամբողջականությանը հասցված վնասները, թույլ չպիտի տանք, որ մեր նորանկախ պետականության պատմությունը այս անգամ մեր իսկ ձեռքով մրոտվի: Իրավունք չունենք գալիք սերունդներին հերթական տրոհման փաստի առջև կանգնեցնելու: Հետևաբար, նախ պետք է մաքրվենք աղանդների գոյության խարազանից: Եվ ինչպես քիչ առաջ ասացի, նրանց ամեն գնով վերադարձնենք իրենց ազգային ինքնությանը, քանի դեռ ուշ չէ:
– Ինչու՞ են հատկապես որոշ եկեղեցականներ պետությունն ու եկեղեցին նույնականացնում:
- Արտառոց ոչինչ չկա, մենք ակնկալում ենք, որ դուք էլ Հայրենիքն ու Մայր Եկեղեցին չտարբերակեք, դա մեր միասնության, ամբողջականության վկայությունն է, քանզի առանց մեկի մյուսը կաղ է, իսկ երկուսը միասին` մեր գոյության և ինքնության լավագույն գրավականը:
Հաճախ, թեև ինքնաբերաբար արտաբերում ենք, թե, պատմության ընթացքում Հայ եկեղեցին բազում դարեր փոխարինել է պետությանը, այո, միանգամայն բնական է այս գիտակցության ձևավորումը ժողովրդի մեջ, թե եկեղեցին ինքը` պետությունն է: Այս միտքը համարժեք է մեր օրերին հնչող այն լոզունգին, որ ասվում է «Ես եմ Հայաստանը»: Եվ քանի որ պետությունը ազգի կազմակերպվածության բարձրագույն ձևն է, հետևաբար հայ ազգը ինչ-որ իմաստով ինքն իրեն նույնացրել է իր պետության և եկեղեցու հետ: Ժողովուրդը միանգամայն աներկմիտ տալիս է Ձեր հարցի պատասխանը «հայ քրիստոնյա» բանաձևով, որի երկու բաղադրիչ բառերը լրացնում ու պայմանավորում են մեկմեկու: Հետևաբար, յուրաքանչյուր հայ, քանի դեռ Հայաստան, Պետականություն ու Եկեղեցի հասկացությունները, իր հոգու սեփականությունը չի դարձրել, ուրեմն մի սպասեք ավելին, քան ինչ ունենք:
Եվ վերջում, իբրև ամփոփում, ավելացնեմ, որ ընդհանրապես թե՛ սփյուռքի և թե՛ Հայաստանի հայության գոյությունը պայմանավորված է Հայեցի Հայաստանով, այլ կերպ` հայությունը դատապարտված է կորստյան:
http://www.religions.am/index.php
Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2011
No comments:
Post a Comment