Sunday, January 24, 2016

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐՑ ԹԵՄՈՒՄ

Երիտասարդների օրհնության օրը` Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեծ շուքով տոնվեց Գուգարաց թեմում:












 Թեմի բոլոր Սբ Սարգիս անունը կրող եկեղեցիների զանգերը առավոտ կանուխ ղողանջեցին` հավատացյալ բնակիչներին հրավիրելով Սուրբ Պատարագի Միասնական աղոթքին և իրենց աղոթքներում սրբի բարեխոսությանը հայցելուն:
Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի, ով հավարտ Սուրբ Պատարագի` իր օրհնության խոսքն ու մաղթանքն ուղղեց երիտասարդներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև կատարեց երիտասարդների օրհնության կարգ:
Սբ Սարգիս եկեղեցու բակը դարձյալ լի էր երիտասարդներով, ովքեր եկել էին սրբի բարեխոսությունը հայցելու, քահանա հայրերից օրհնություն ստանալու, ինչպես նաև վայելելու «Նարեկացի» երիտասարդաց միության արդեն ավանդույթ դարձած միջոցառումների շարքը: «Սերը երբեք չի անհետանում»,-խորագիրը կրող միջոցառմանը Սբ Սարգիս եկեղեցու բակը զարդարել էին տարբեր հասարակական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսները, իսկ Սրբի տոնի մասին պատմող պատումներն և ավանդույթները ներկայացնող, սիրո և երիտասարդության մասին խրատներ պատմող, տարբեր խաղերով ու անակնկալներով, ժողովրդական երգ ու պարով հագեցած միջոցառումը վանաձորյան իրականության մեջ դարձել է արդեն ավանդական և սպասված: Միջոցառման ավարտին սպասված է հատկապես Սբ Սարգիս Զորավարի կերպարը խորհրդանշող ձիավորը, ով ամեն տարի իր բարեմաղթանքներն է հղում երիտասարդներին:
«Նարեկացի» երիտասարդաց միության անդամների փաստմամբ` ամենամյա այս միջոցառումները` շեշտված ազգային տարրերով, նպատակ ունեն նախևառաջ երիտասարդների և առհասարակ բնակչության մտքից հանել օտար այն տոները, որոնք որևէ աղերս չունեն Սբ Սարգսի տոնի հետ և ընդգծեն եկեղեցական այս տոնի ժողովրդականությունն ու հայկականությունը: Քանզի մեր տոներն ավելի գեղեցիկ են և այն պահպանելն ու տոնելը մեր ինքնության պահպանման գրավականներից մեկն է:
Քարոզ


Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 նահատակների հիշատակը Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում



Հունվարի 23-ին Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարվեց արարողություն նվիրված` Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորականների հիշատակին: Արարողությանը ներկա էին մեր եկեղեցու հավատացյալները, ինչպես նաև բազմաթիվ երիտասարդներ: Սուրբ Սարգիսը թեև ազգությամբ հայ չի եղել և ոչ էլ նահատակվել է Հայաստանում, սակայն առավել սիրելի սուրբ է հատկապես հայերիս համար և մեծ ժողովրդականություն է վայելում: Նրա կերպարի մեջ մեր ժողովուրդը խտացրել է արիությունն ու ինքնազոհաբերությունը, ազնվությունն ու արդարությունը, սրբակենցաղությունն ու ճշմարիտ քրիստոնյայի իդեալը: Ահա այս պատկերացումներով էլ մեր հավատացյալները եկել էին իրենց ուխտը վերանորոգելու առ Աստված` խնդրելով սրբի բարեխոսությունը: Շատ կարևոր հանգամանք է, որ մեր ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը գալիս է այն եզրակացության, որ մենք ունեննք մեր հովանավոր սուրբը` իբրև խորհրդանիշ սիրո, զինվորության և երիտասարդության: 
Հավարտ արարողությանը` Ալավերդու <<Սուրբ Գրիգոր Նարեկացի>> Եկեղեցասեր Երիտասարդաց միության անդամները կանգնելով Սուրբ Խորանի առջև` իրենք բացատրեցին և ծանոթացրեցին հավատացյալներին Սուրբ Սարգիս զորավարի վարքի և նահատակության պատմություններին, որից հետո բոլոր երիտասարդները ստացան մասնավոր օրհնություն`իրենց տոնի առթիվ: Ուխտդ ի կատար սիրելի երիտասարդ. ամեն:

Տեր Միքայել քահանա Շաղոյան
Ալավերդու հոգևոր հովիվ

No comments:

Post a Comment