Tuesday, April 5, 2016

ԶԻ ԱՍՏՎԱԾ ԸՆԴ ՄԵԶ Է
ՔԱՆԶԻ ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է

Ապրիլի 5-ին, Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված` հանունհայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների:
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցումնախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդբարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի և մասնակցությամբ հոգևոր դասի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի խաղաղություն նահատակ զինվորների հոգիների: Այնուհետև կատարվեց մաղթանք` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անսասանության և սահմանների խաղաղության համար, որից հետո թեմակալ առաջնորդ Սեպուհ Սրբազանը իր հայրական հորդորն ու մխիթարանքի խոսքն ուղղեց ներկաներին.
«Իմ սիրելի լոռեցի քույրեր և եղբայրներ, իմ սիրելի հայրենակիցներ,
Այսօր համախմբվել ենք աղոթքով զորակցելու հայոց բանակին և հիշելու մեր նահատակներին ու աղոթելու նրանց հոգիների խաղաղության համար:
Կովկասի հիվանդը` մեր ազերի հարևանը, կրկին մեզ հիշեցրեց իր արյունարբու ներկայությունը մեր տարածաշրջանում: Կրկին մենք հայտնվեցինք պատերազմի դաժան ճիրաններում:
Այս պատերազմը յուրաքանչյուր հայի պատերազմն է: Աստծո օրհնությամբ մենք այն վերջնակետին պետք է հասցնենք և այն չպետք է թողնենք գալիք սերունդներին: Մենք պատասխանատու ենք պատմության ու սերունդների առաջ: Միասնական հավատքով, վաղվա հզոր Հայաստանի տեսլականով պիտի հաղթահարենք նաև այս փորձությունը: Այս զարկը մեր զարկն է` հանուն Հայաստանի ու Արցախի խաղաղության:
ԺԱՄԱՆԱԿ ՄԻ ԿՈՐՑՐԵՔ ԵՎ ԱՅԼՈՑ ՄԵՋ ՓՐԿԻՉՆԵՐ ՄԻ ՓՆՏՐԵՔ: ՄԵՐ ՓՐԿԻՉԸ ԲԱՐՁՐՅԱԼ ԱՍՏՎԱԾՆ Է ԵՎ ՀԱՅԻ ՈԳԻՆ ՈՒ ՆՐԱ ԲԱԶԿԻ ՈՒԺԸ: ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՓՐԿԻՉԸ, ԻՄ ՍԻՐԵԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ: ԱՐԹՆԱՑՐԵՔ ՁԵՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱԿԱՆՋ ԴՐԵՔ ՁԵՐ ԱՐՅԱՆ ՁԱՅՆԻՆ ԵՎ ԱՆՍԱՑԵՔ ԴՐԱՆՑ: Միաբան եղեք և միաբանությամբ մենք պիտի ավելի զորանանք:
Այս եկեղեցում և մեր մեջ Աստված է բնակվում, որովհետև որտեղ Աստված կա, այնտեղ սեր և միաբանություն կա: Այնտեղ կա հաջողություն և հաղթանակ: Իսկ որտեղ չկա միաբանություն, սեր և եղբայրասիրություն, այնտեղ չի կարող Աստված բնակվել: Ուրեմն` ձայն բազմաց, ձայն Աստծո»:
Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, պաշտոնատար այլ անձիք. ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից, ուսուցիչներ և ուսանողներ տարբեր ուսումնական հաստատություններից, Վանաձոր քաղաքի հարյուրավոր հավատավոր բնակիչներ, ովքեր մեկ սիրտ և մեկ հոգի դարձած` իրենց սրտաբուխ աղոթքն առաքեցին առ Աստված:

No comments:

Post a Comment