Thursday, August 2, 2012

                                                 Մանկանց կենսախինդ աշխարհը

Ամառային արձակուրդների ժամանակահատվածում պատանիների հանգստի ճիշտ կազմակերպման և այս ընթացքում դաստիարակության իրականացման առումով  լավագույն դպրոց են հանդիսանում ճամբարները, որտեղ պատանիները սովորում են խմբակային ընկերավարություն, իսկ առանձին դեպքերում նաև ստանում հոգևոր և պատմական գիտելիքներ:  Պատմական դեպքերի դասավանդման,  հայ Կաթողիկոսների և նշանավոր զորավարների կյանքի և նրանց իմաստուն խոսքերի ուսուցման միջոցով երեխայի մեջ ազգային արժեքների ձևավորմանը մշտապես ուշադրություն են դարձնում Գուգարաց թեմի <Ծիծեռնակ> ճամբարի մանկավարժները:
 2012թ-ին բոլորեց ճամբարի գործուներության  10-րդ տարին:  Այս տարի Հունիսի 25-ից  մինչև օգոստոսի 27-ը  7 հերթափոխով Հայաստանի 5 շրջաններից  մինչև 1000 երեխա իր հանգիստը կանցկացնի գեղատեսիլ ու հարմարավետ <Ծիծեռնակ> ճամբարում` <World Vision> բարեգործական կազմակերպության, անհատ բարերարների, Ալավերդու քաղաքապետարանի և Գուգարաց թեմի միջոցներով, և օրհնությամբ առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի:
Նշենք, որ ճամբարը ավելի հաճախ հյուրընկալում է  սոցիալապես անապահով ընտանիքների  երեխաների, մասնավորապես ծնողազուրկ կամ հաշմանդամություն ունեցող:
<Ծիծեռնակ> ճամբարն առանցքային և հիմնավորապես տարբերվում է ազգային-քրիստոնեական արժեքների հանդեպ սկզբունքային դիրքորոշմամբ: Ծրագրի  մաս են կազմում երեխաների միջոցով ծանոթացումը տարբեր մարզերի մշակութային սովորություններին ու տեղական բարբառներին, ապահովվում է ընկերական կարգապահությունը, կենցաղավարությունը, գործանական հայրենասիրությունը և Սբ. Պատարագներին մասնակցությունը:
Հաճախ պատահում է, որ մինչ <Ծիծեռնակ> ճամբարում հյուրընկալվելը  պատանիների  մի ստվար հատվածը  Սբ. Պատարագ չի տեսել և չի մասնակցել, միչդեռ այստեղ յուրաքանչյուր հերթափոխ հաղորդակից է դառնում ճամբարի Սրբոց Մանկանց մատուռում մատուցվող պատարագներին: Ուխտագնացություններ են կազմակերպվում Վանաձորի եկեղեցիներ:
Հատկապես ընդգծելի է նաև ճամբարականների մասնակցությունը Տողանին` երեխաների մեջ որպես զգաստության, պատասխանատվության և հաշվետվության գիտակցության ձևավորման աշխարհիկ  ծիսաարարողակարգի:

Ճամբարային առօրյան հագեցած է, և բացի օրակարգային պարտադիր ուսուցողական ու դաստիարակչական մասից, այստեղ անցկացվում են խաղեր ու մրցույթներ, շարային ու համաճամբարային միջոցառումներ, որոնք նույնպես յուրովի ամփոփվում են  հերթափոխի վերջին` հանդիսավոր փակման օրերին:  Նշվում են ճամաբարականների`  հերթափոխի ընթացքին համընկած ծննդյան օրերը և պարտադիր նվերներ են հանձնվում հոբելյարներին: 
Ամեն հերթափոխ ամփոփվում է ավանդական դարձած ճամբարային հրաժեշտի խարույկով, որն ուղեկցվում է  շուրջպարերով, բարձրացնում է  պատանիների մեջ համախմբվածության և միասնականության ոգին:  Գուգարաց թեմի <Վարդանաց հետնորդներ>  նվագախումբն էլ հնչեցնում է  Հայրենասիրական երգեր և ավելի մտերմացնում պատանի հայորդիներին: Հաճախակի մասնակցում են նաև Վանաձորի եկեղեցիների սպասավորները և դպրաց դասերը, նաև` Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը:    

No comments:

Post a Comment